Սահմանադրական բարեփոխումները վճռորոշ նշանակություն կունենան. Կորյուն Նահապետյան
Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ունենալու են կարևոր և վճռորոշ նշանակություն: Այս մասին «Սահմանադրական բարեփոխումներ. Թեր և դեմ» խորագրով խորհրդաժողովի ընթացքում իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը: «Գիտեք, որ ՀՀ նախագահը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումները, ինչի համար ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Մինչև հոկտեմբերի 15-ը հանձնաժողովը ժամանակ ունի, որպեսզի աշխատի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վրա, և ես հույս ունեմ, որ այս քննարկումը, ինչպես նաև մինչև հոկտեմբերի 15-ն այս թեմայով անցկացվող մյուս քննարկումները դրական արդյունք են ունենալու հայեցակարգի վերջնական տարբերակը կազմելու առումով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նահապետյանը:
Կորյուն Նահապետյանը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության պատճառները: Նա ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումների նպատակն է հստակ երաշխիքներ ամրագրել իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների հետևողական իրացման ապահովման համար: Նահապետյանը կարևորեց նաև անկախ դատական համակարգի արդյունավետության ապահովումը, որին հնարավոր կլինի հասնել առաջարկվող փոփոխություններով:
Անդրադառնալով դիտարկումներին, թե այս պահին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա, Կորյուն Նահապետյանը նշեց, որ այդ բարեփոխումներն այս պահին անհրաժեշտություն են և դրանք իրականացնելու համար ճիշտ ժամանակն է:
«Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու ճիշտ ժամանակն է հիմա՝ ելնելով այն հանգամանքից, որ քաղաքական համակարգը բարեփոխումների կարիք ունի, ելնելով այն հանգամանքից, որ սահմանադրությամբ պետք է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման հստակ մեխանիզմներ ամրագրվեն»,- ասաց Նահապետյանը՝ բոլոր քաղաքական ուժերին կոչ անելով ավելի մանրամասն ծանոթանալ առաջարկվող փոփոխությունների հայեցակարգին: