Մուսուլմանական ռազմական կոալիցիան՝ ընդդեմ մուսուլմանների
Международные новостиՕրերս Սաուդյան Արաբիան հայտարարեց ահաբեկչության դեմ պայքարի ռազմական կոալիցիա ստեղծելու մասին, որին անդամակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 30 երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Քաթարը, Հորդանանը, Լիբանանը, Եգիպտոսը, Թունիսը և Մարոկկոն: Ինչպես արդեն հայտնի է, կոալիցիայի միացյալ շտաբը գտնվելու է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում: Երկրի պաշտպանության նախարար, Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանը հայտարարել էր, որ չնայած բոլոր երկրներն առանձին-առանձին պայքարում են ծայրահեղականների դեմ, սակայն այն անարդյունավետ է, ուստի նոր դաշինքի ստեղծմամբ պետք է համատեղ պայքար մղել ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այլև Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի և Աֆղանստանի ծայրահեղականների դեմ:
«Բի-բի-սի» գործակալության արաբական բաժնի խմբագիր Մոհամեդ Յախյայի խոսքով՝ այդ որոշման դրդապատճառների մասին այնքան քիչ տեղեկություն կա, որ փորձագետները դժվարանում են որևէ մեկնաբանություն անել, թեև նշում են, որ ռազմական կոալիցիա ստեղծելու մասին հայտարարությունն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան գործնական, քանի որ նախկինում Սաուդյան Արաբիան և մնացած իսլամական պետությունները սուր քննադատության էին ենթարկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքար չմղելու համար:
Միջազգային փորձագետների կարծիքով՝ ահաբեկչության դեմ պայքարի ռազմական կոալիցիա ստեղծելու մասին հայտարարությունը, եթե նույնիսկ քաղաքական ենթատեքստ ունենա, այնուամենայնիվ, կարելի է վստահ հայտարարել, որ հակամարտության լուծման քաղաքական որոշում կայացնելու հարցում առաջընթաց կա: Փորձագետները նշում են նաև, որ հայտարարված կոալիցիայի անդամ պետությունները մուսուլմանական սուննի ուղղությանն են դավանում, որը մեկ անգամ ևս ընդգծում է մուսուլմանական շիա և սուննի ուղղությունների միջև եղած անջրպետը:
Ինչպես հայտնի է, շիական ամենահզոր երկիրը՝ Իրանը, միավորվել է Ռուսաստանի, «Հեզբոլահ» խմբավորման ակտիվիստների և Սիրիայի ներկայիս կառավարության հետ, որը սուննի ուղղություն դավանող ունեցող երկրների ամենամեծ հակառակորդն է համարվում տարածաշրջանում: Այնպես որ, իրականում փորձագետների համար բավականին դժվար պատկեր է ձևավորվել, ինչը թույլ չի տալիս հասկանալ, թե ինչ է իրականում պլանավորվում այդ տարածաշրջանում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, փորձագետների կարծիքով, ներկայում մերձավորարևելյան տարածաշրջանում այն միակ գերտերությունն է, որին հաջողվել է էականորեն բարելավել իր ռազմաքաղաքական դիրքերը՝ այնտեղ տեղակայելով S-400 զենիթահրթիռային համակարգ, որը թույլ է տալիս վերահսկողություն սահմանել տարածաշրջանի ողջ օդային սահմանում:
Պատրաստեց՝ Արմինե Գրիգորյանը