Ջերմուկում հանքային ջրի արտադրության գործարանի կառուցման նպատակով կներդրվի 5 մլրդ դրամ
ЭкономикаՀՀ կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում «Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով կհետաձգի:
Հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
Ծրագրի շրջանակում գազավորված հանքային ջրի և խմելու աղբյուրի ջրի արտադրության և փաթեթավորման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդնել 5 մլրդ դրամ, որից մոտ 3.46 մլրդը սարքավորումներ ձեռք բերելու համար:
Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել եվրոպական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 5.4 մլրդ դրամի արտադրանք (2016թ), որի մի մասը կիրացնի ներքին շուկայում:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 50 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 170, 2017թ.- 187 և 2018թ.-205 հազ. դրամ: