Հումորն ու ծաղրն էլ պետք է տեղին լինեն
АналитикаՈրքան էլ ոմանց համար ծիծաղելի հնչի, բայց Գալուստ Սահակյանն էլ է երբեմն ճշմարիտ բաներ ասում, ինչպես, օրինակ` արձագանքեց ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը՝ ասելով, թե «եթե դեսպանատունը հայտարարություն է անում, Հռոմի պապը չէ, որ սրբության տեղ դնենք, կարող ենք նաև հակադարձել»:
Եվ իսկապես, այդ ո՞ր օրենսգրքում է գրված, որ ԱՄՆ դեսպանատան ասածը որպես բացարձակ ճշմարտություն պիտի ընկալվի և բոլորը պետք է խոնարհվենդեսպանատան առջև: Հիշեցնեմ, որ ԱՄՆ դեսպանատունն ընդամենը օտար պետության ներկայացուցիչ կառույց է մեր երկրում: Իսկ Հայաստանի Հանրապետությունը սուվերեն, ինքնիշխան պետություն է: Այս երկու բառերը հատուկ շեշտում եմ այն մարդկանց համար, ովքեր հաճախ են սիրում այդ բառերն օգտագործել այն դեպքերում, երբ Հայաստանի վերաբերյալ որևէ կարծիք է հայտնում Ռուսաստանի ինչ-որ ներկայացուցիչ:
Ես բնավ չեմ խոսում հանրաքվեի արդյունքների կեղծված-չկեղված լինելու մասին: Հանրաքվեի արդյունքները, իհարկե, կեղծվել են, բայց եկեք մի պահ պատկերացնենք, եթե նման հայտարարություն աներ Հայաստանում ոչ թե ԱՄՆ-ի, այլ Ռուսաստանի դեսպանը...
«Համազգային ողբերգությունն» արդեն պատրաստ կլիներ, էլ չեմ ասում առանձնակի պաթոսով գրված ռազմահայրենասիրական ֆեյսբուքյան «ստատուսների» և դեպի Ռուսաստանի դեսպանատում ԵՄ դրոշներով երթերի մասին: Ու անպայման կշեշտվեր, որ Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է:
Բա հիմա ի՞նչ պատահեց, հարգելինե՛րս: Եթե հայտարարություն անողն ԱՄՆ դեսպանատունն է, ուրեմն մենք այլևս անկախ և ինքնիշխան չե՞նք և օտարերկրյա կառույցը կարող է հանգիստ խառնվել մեր երկրի գործերին, մենք էլ պետք է երջանկությունից ուշագնա՞ց լինենք: Չէ՞ որ Գալուստ Սահակյանի ասածն էլ ընդամենը հենց դա էր, որ ԱՄՆ դեսպանատան խոսքը «ճնշմարտութիւն ճշմարտութեանց» և պարտադիր չէ այդ հայտարարության հետ համաձայնվել, հնարավոր է նաև հակադարձել: Եվ ահա սկսվել է ծաղրը...
Ես հասկանում եմ, որ այս գործիչը հաճախ է ծիծաղելի մտքեր արտահայտում, բայց օբյեկտիվությունն էլ լավ բան է, և հումորն ու ծաղրն էլ պետք է տեղին լինեն: Իսկ այս դեպքում, երբ Սահակյանն ակնհայտորեն ճիշտ և ընդունելի միտք է արտահայտել, ես արձագանքների մեջ օբյեկտիվություն չեմ տեսնում:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան