Այլընտրանքային տոնածառը կփրկի անտառը
ОбществоՍտեփանավանն ունի հրաշալի բնություն` փշատերև անտառներով, քաղցրահամ ջրի պաշարներով, հանքային ջրերի աղբյուրներով, հետևապես, զբոսաշրջության զարգացման կարևոր նախադրյալներ: Սակայն զբոսաշրջության զարգացման հեռանկարը կարող է մնալ միայն երազանք, քանի որ անտառային զանգվածների իրավիճակն այնտեղ բավականին տագնապալի է: Անտառային տարածքների կրճատման գործում օրեցօր ավելի ու ավելի ակտիվորեն է արտահայտվում մարդկային գործոնը, քանի որ Ստեփանավանի տարածաշրջանի համայնքներին հարող խիտ մշտադալար ծառերի անտառը գնալով վերածվում է բացատների:
Ըստ հետազոտության արդյունքների՝ անտառը շատ է վնասվում Ամանորի նախօրեին` նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, երբ տոնական օրերի համար բարբարոսաբար կտրում են 15-20 տարեկան մշտադալար ծառեր, որոնք մի քանի օրից դեն են նետվում: Այդ պատճառով Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնը ակտիվ երիտասարդներից ստեղծել է խումբ, որն սկսել է պայքարել Ամանորի համար բնական եղևնի կտրելու սովորույթի դեմ՝ առաջարկելով այլընտրանքային տոնածառերի պատրաստման եղանակներ, ինչպես նաև կազմակերպել է դասընթացներ տեղի Գյուղատնտեսական քոլեջի ուսանողների, դասախոսների և դպրոցների աշակերտների համար: Այժմ դասընթաց անցած երիտասարդներն իրենք են սկսել այլընտրանքային տոնածառեր պատրաստել և սովորեցնել դրանց պատրաստման եղանակները:
Անշուշտ, այս քայլը բնությունը փրկելու ևս մեկ կարևոր նախաձեռնություն է, ինչը կնպաստի, որ հանուն մի քանի օրվա բնական տոնածառ ունենալու գայթակղության բարբարոսաբար չհատվեն անտառների եղևնիները և Ամանորին տոնական ծառ ունենալու ցանկությունը փոխարինվի սեփական մտքի թռիչքի շնորհիվ այլընտրանքային տոնածառ պատրաստելու հմտությամբ:
Ա.Գ.