Կամերային երգչախումբը Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով կեզրափակի տարին
ОбществоՀայաստանի պետական կամերային երգչախմբի` 2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը կեզրափակվի դեկտեմբերի 17-ին: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կամերային երգչախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» պետական երգչախմբի համատեղ համերգը:
«Ամբողջ տարին փառատոնների մեջ ենք եղել, համարում եմ, որ դրսի բոլոր համերգները կայացած են: Այնտեղի երաժշտասեր հանրությունը կարողացավ ծանոթանալ հայ արվեստի նմուշներին, որովհետև ամենուր հայկական երաժշտություն ենք ներկայացրել: Այսօրվա համերգը միանշանակ չէր կարող լինել առանց Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի»,- լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 17-ին տեղեկացրեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:
Դեկտեմբերի 17-ի համերգի ընթացքում հնչելու են Գրիգի, Սիբելիուսի, Գերշվինի ստեղծագործությունները, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը: Որպես մենակատարներ հանդես կգան Էռա Հովսեփյանը (սոպրանո), Աշոտ Ղանթարջյանը (բարիտոն): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:
Դիրիժորը շեշտեց, որ երգչախումբն այս տարի տարբեր երկրներում հաջողված համերգներ է ունեցել: