Չենք կարող 100 տոկոսով վերահսկել բյուջեի կատարողականը, այսքան ուժ չունենք. Իշխան Զաքարյան
ОбществоԱյսօր ԱԺ-ում ավարտվեց Վերահսկիչ պալատի` 2014 թվականի տարեկան հաշվետվությունը: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Զաքարյանը, անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հնչեցրած այն հարցին, թե որքան առաջարկներ են արվել եւ դրանցից քանիսն են հաշվի առնվել, ինչ է փոխվել այդ առաջարկներից հետո, նշեց. «Բավական շատ առաջարկություններ արված են, մեր բոլոր հաշվետվությունների վերջում մենք այդ առաջարկությունները տալիս ենք, եւ առաջարկությունների մեծ մասը ստանում է օրենսդրական լուծումներ, եւ կառավարության համապատասխան որոշումների մեջ կատարվում են փոփոխություններ: Այդպիսի օրինակները տասնյակից ավելի են, այսինքն՝ որեւէ բան անհետեւանք չի մնում: Վարկային միջոցների օգտագործումն արդեն երկրորդ տարին է, ինչ Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում է»:
Նա հայտնեց նաև, որ այսօրվա քվեարկությամբ հաստատվել է նաեւ 2016 թվականի ծրագիրը: «Այդ ծրագրի տասներորդ կետն ամբողջությամբ վերաբերում է հենց դրան: Քանի որ վարկային ծրագրերը շարունակական են, եւ մենք վերջնական եզրակացություն չենք կարողանում տալ, դրա համար ստիպված ենք բավարարվել ընթացիկ հաշվետվությունների գնահատականները տալով կամ թեթեւ ամփոփելով: Քանի որ չկան վերջնական ակտեր, վերջնական գնահատական չենք կարող տալ»,- նշեց նա:
Անդրադառնալով նաեւ այն տեսակետներին, որ ՎՊ 2014-ի հաշվետվությունն ավելի թույլ էր, քան նախորդ տարիներինը, Իշխան Զաքարյանը չհամաձայնեց: «Հավատացեք` անկեղծ եմ ասում, որ 2014-ի հաշվետվությունը մասնագիտական առումով շատ ավելի լավն է, քան նախորդ տարվանը: Գուցե նախորդ տարիների հաշվետվություններն այլ որակ ունեին, բայց մենք էլ ընթացքում սովորում ենք: ՎՊ-ն չունի այնքան ուժ, որ կարողանա բյուջեի կատարողականը 100 տոկոսով վերահսկել, ուստի ընտրում է սկզբունքներն ու ոլորտները: Չենք կարող 100 տոկոսով վերահսկել բյուջեի կատարողականը, այսքան ուժ չունենք: Ընտրում ենք այն թեմաները, որոնք շարունակական են, պահում ենք երկու-երեք տարի մեր վերահսկողության դաշտում»,- ասաց Իշխան Զաքարյանը:
Սոսե Չանդոյան