Երկիր մոլորակի ամենաթունավոր էակը օձը չէ
LifestyleԽոսելով թունավոր կենդանիների մասին` մարդիկ առաջին հերթին հիշում են օձերին, սակայն BBC Earth-ի թղթակիցը հայտնաբերել է, որ դա ամենևին էլ այդպես չէ: Պարզվում է, որ կենդանական թույնը ամենաիրական քիմիական զենքն է: Կենդանիներն իրենց զոհին թունավորում են սուր ժանիքների, խայթոցների և նույնիսկ եռաժանիների օգնությամբ: Իհարկե, ոչ բոլոր սողուներն են թունավոր, բայց զարգացման ընթացքում նրանցից շատերը ձեռք են բերել այդ վտանգավոր ունակությունը:
Ըստ Քվինսլենդի համալսարանի դոկտոր Բրայան Ֆրայի` ավստրալիական Բրիսբեն քաղաքում ամենաշատ թույնը արտադրում է մուլգա տեսակի օձը, որը փաստացի ապրում է հենց գիտնականի տան հարևանությամբ: Մուլգայից միանգամից կարելի է ստանալ 1,3 գ չոր թույն: Թագավորական համարվող շագանակագույն մուլգա տեսակի օձը, չնայած տարածված է ամբողջ Ավստրալիայում և հիմնականում թաքնվում է աղբի ու փայտի կույտերի տակ, այնուամենայնիվ, մարդկանց հազվադեպ է խայթում:
Պաղեստինյան դեղին կարիճը շատ ավելի քիչ թույն է արտադրում, քան մուլգան, բայց շատ վտանգավոր է: Նրա թույնի մեկ քառորդ միլիգրամը կարող է մեկ կիլոգրամի հասնող մկների բանակի սպանել: Իսկ, ընդհանուր առմամբ, կենդանիներն իրենց օրգանիզմում արտադրվող թույնն օգտագործում են և՛ որպես պաշտպանության միջոց, և՛ որպես զոհի վրա հարձակվելու զենք:
Գիտնականները թույնը փորձարկում են մկների վրա և փորձում հաշվարկել դրա միջին մահացու չափաբաժինը: Այսինքն` թույնի այն քանակությունը, որը կսպանի փորձարկվող մկների մոտ 50%-ին: Սակայն այս ցուցանիշն այնքան էլ կատարյալ համարել չի կարելի, քանի որ շատ կենդանիներ զգալի տարբերվում են մկնազգիներից: Չունենալով ավելի հստակ ցուցանիշներ` գիտնականները մոլորակի վրա «ամենաթունավոր էակ» կոչումը տալիս են մի շատ անսպասելի թեկնածուի` ծովային խխունջին: Խխունջ-գիշատիչները առաջ են շարժվում բավականին դանդաղ, ինքնապաշտպանության համար ունեն կոնաձև վահան, իսկ վտանգի առաջացման դեպքում կարող են նույնիսկ թույն «օգտագործել»:
Զոհին խոցելու համար խխունջներն ունեն հատուկ ատամներ, որոնք շատ սուր են: Այդ ատամներով «կրակելով»՝ վերջիններս անշարժացնում են ձկներին ու հետո ուտում դրանց: Հետաքրքիրն այն է, որ խխունջների մոտ պարբերաբար նոր թունավոր ատամներ են աճում, այդ իսկ պատճառով էլ ջրային գիշատիչներն անզեն չեն մնում: Կոնաձև խխունջի խայթոցը սպանում է մարդկանց 65%-ին: Թունավորության աստիճանով նախորդներին չի զիջում նաև ներցամաքային տայպանը, որը ստացել է նաև «դաժան օձ» անվանումը: Թունավորության աստիճանով վերգետնյա օձերից այն համարվում է ամենավտանգավորը: Այս օձը որսում է միայն կաթնասուններին, իսկ նրա թույնը կործանարար ազդեցություն ունի նյարդային համակարգի, մկանների, արյան կազմի և մարդկանց ներքին օրգանների վրա: Տայպանների ընտանիքին է պատկանում նաև ափամերձ տայպանը, որի թույնը թեև այդքան էլ ուժեղ չէ, բայց համարվում է ավելի վտանգավոր:
Օձերի մեծամասնության նման, ափամերձ տայպանը ագրեսիվ է դառնում միայն ծայրահեղ դեպքերում, բայց երբ հարձակվում է, կարող է մի քանի անընդմեջ խայթոցով ամեն անգամ ներարկել թույնի ամբողջականա չափաբաժին: Նույն հատկություններով է օժտված նաև սև մամբան: Վտանգին արձագանքելով` նա առաջին հերթին բացում է բերանը և ֆշշացնում, իսկ խայթել որոշում է միայն այն դեպքում, երբ ֆշշոցն անօգուտ է: Ու քանի որ գնալով ավելանում է Երկրի բնակչությունը, իսկ մարդիկ բնակվում են թունավոր օձերի բնակելի տարածքներում, այդ պատճառով էլ Երկրագնդի վրա մահացու խայթոցների թիվը գնալով աճում է: Միայն Մեքսիկայում կարիճները տարեկան խայթում են 500 հազար մարդու, իսկ Հնդկաստանում ապրող օձերը հասցնում են տարեկան նման անակնկալ մատուցել ավելի քան 1 միլիոն մարդու:
Մուլգա տեսակի օձ

Պաղեստինյան դեղին կարիճ

ծովային խխունջ

տայպան

Ա.Գ.