Սպորտային մեքենաների ցուցադրություն է տեղի ունեցել Երևանում
ОбществоԵրևանում դեկտեմբերի 19-ին անցկացվել է սպորտային մեքենաների ցուցադրություն: Անցկացվել են մեքենաներով ցուցադրական ելույթներ։ Տեղի է ունեցել նաև «STR» ավտոսիրողների ակումբի 2015թ. սպորտային միջոցառումների մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ աջակցելով «STR» ավտոսիրողների ակումբին՝ նպատակ ունեն զարգացնել ավտոսպորտը Հայաստանում։ Եվ եթե մի քանի տարի առաջ շատ քչերն էին զբաղվում այդ մարզաձևով, ապա այսօր նրանց թիվն ավելին է՝ հասնելով մի քանի հարյուրի։
«STR» ակումբի նախագահ Արսեն Մանուկյանը, ամփոփելով տարին, նշել է, որ 2015 թվականի ընթացքում STR-ը կազմակերպել է «DRAG-RACING» գավաթի առաջնություն, քարթինգի միջոցառում, ինչպես նաև՝ դրիֆտինգի և արագընթաց ձևավոր վարման մրցույթներ։ 2015թ. կազմակերպվել է նաև «Փոքրիկ վարորդ» միջոցառումը՝ 3-5 տարեկան երեխաների համար։ Ակումբի ղեկավարը նկատել է նաև, որ ցանկալի կլիներ, որպեսզի ունենային մրցուղիներ, երթևեկելի հատուկ տարածքներ՝ մարզումներն անցկացնելու համար։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ը, Երևանի քաղաքապետարանը և «STR» ավտոսիրողների ակումբ» մարզական ՀԿ-ն: