Հեռավոր բնակավայրերում աշխատելուց հրաժարվողները կրկնակի կվերադարձնեն ուսման վարձավճարը
ОбществоՊետության համար գերակա մասնագիտությունների գծով նպատակային ընդունելության համակարգով բուհ ընդունվածները, ովքեր սովորում են պետպատվերի շրջանակներում, օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրենց հետագա պարտավորությունները կատարելուց հրաժարվելու դեպքում պետք է վերադարձնեն իրենց ուսման համար վճարված վարձավճարի կրկնակին: Բարձրագույն և հետբուհական կրթության, ինչպես նաև կրթության մասին օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Այս փաթեթով ցանկանում ենք իրավակարգավորման նոր հնարավորություններ ստեղծել նպատակային ընդունելության համակարգի գործունեության համար: Արդեն 20 տարի Հայաստանի Հանրապետությունում գործում է այս համակարգը, որով պետության համար գերակա մասնագիտությունների գծով ուսանողները հնարավորություն են ստանում պետպատվերի շրջանակներում սովորել: Գործող իրավական դաշտով կազմակերպված այս մեխանիզմը, սակայն, չի արդարացնում իրեն, քանի որ շրջանավարտների մեծ մասը հետագայում հրաժարվում է աշխատել ըստ նպատակային վայրի»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա նկատեց, որ ուսանողները սկզբում խոստանում են աշխատել տարբեր բնակավայրերում, բայց հետո հրաժարվում են գնալ և ստացվում է, որ պետությունը հարյուրավոր երիտասարդների անվճար կրթութամբ է ապահովում, բայց չի լուծում իր առջև ծառացած կարևոր խնդիրը. համայնքներին բարձր մասնագիտական կարողություններով օժտված բժիշկների, մանկավարժների ու գյուղատնտեսական մասնագետների ապահովումը: «Առաջարկված օրենսդրական փաթեթը երկու առաջարկություն է անում` հստակեցնում է «նպատակային ուսուցում» ասվածը և սահմանում է հստակ պահանջ, որ երիտասարդ մասնագետը ավ երատելուց հետո, եթե հրաժարվում է գործուղվել այս կամ այն բնակավայր այս կամ այն աշխատանքի առնվազն երեք տարի ժամկետով, ապա պարտավոր է վերադարձնել իր վրա ծախսած գումարի կրկնապատիկը: Ինչու կրկնապատիկը, որովհետև հակառակ պարագայում կստացվի, որ պետությունն անտոկոս երկարաժամկետ վարկ է տալիս»,-ավելացրեց ԿԳ նախարարը:
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ վերադարձված գումարի 70 տոկոսը առաջակվում է ուղղել պետբյուջեին, 30 տոկոսը` բուհին, որը կորոշի, թե ինչպես տնօրինել այն: «Եթե հավանության արժանացնեք այս նախագիծը, կյանքի կոչենք այն ու տեսնենք, որ այս մեխանիզմը իրականում կիրառելի է, գուցե տարիներ հետո կկարողանանք այն կիրառել միջպետական համաձայնագրերով պետության հաշվին սովորող Հայաստան վերադարձող կամ չվերադարձող ուսանողների համար»,-հավելեց նախարարը:
Նա նշեց, որ գերակա մասնագիտությունների հստակեցումը կատարվելու է ոչ միայն` ըստ աշխարհագրական դիրքի, այլև ըստ տնտեսական պահանջարկի: «Կարող ենք պետպատվեր սահմանել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ տարեկան 2000 մասնագետի կարիք կա»,-ասաց Արմեն Աշոտյանը: