Հայաստանի կոմպոզիտորների միությունը հաղթահարելով է դժվարությունները եւ կարողացել իրականացնել ծրագրած բոլոր աշխատանքները
КультураՀայաստանի կոմպոզիտորների միությունը՝ դժվարությունների հետ մեկտեղ, կարողացել է իրականացնել այս տարի ծրագրած բոլոր աշխատանքները: Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
«Հիմնականում այն, ինչ ծրագրել էինք իրագործել այս տարի, ստացվեց: Ճիշտ է, դա կապված էր շատ մեծ դժվարությունների հետ, քանի որ ակնկալում էինք մամուլի կողմից առավել մեծ արձագանք և մեր միջոցառումների ավելի շատ ֆինանսավորում: Օրինակ, այս տարի հայ կոմպոզիտորների Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործությունների չորս համերգ տեղի ունեցան Ֆրանսիայում, որոնցից միայն երկուսը ստացան պետական ֆինանսավորում, իսկ մյուսները, հրավիրող երկրներում սատարում գտնելով, մինիմալ գներով կարողացանք իրականացնել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշեց Արամ Սաթյանը:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը նշեց, որ ԱՄՆ-ում այս տարի իրականացան բազմաթիվ կամերային, վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների և երգային արվեստի կատարումների համերգներ: Արամ Սաթյանը նկատեց, որ դրանք հնարավոր եղավ իրականացնել Բոստոնում հայ համայնքի կազմակերպությունների աջակցության շնորհիվ:
«Մեր հիմնական նպատակն է, որպեսզի արտերկրում հայկական երաժշտությունը կատարեն օտարերկրյա երաժիշտներ: Նույնիսկ նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած համերգին ամերիկացի կատարողը երգում էր «Կռունկ»-ը», - ասաց Արամ Սաթյանը:
Ամփոփելով ընթացիկ տարում տեղի ունեցած համերգները՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը նշեց, որ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչել են նաև Աթենքում, Արգենտինայում, Կորեայում և այլ երկրներում: