Գերմանիայում ՀՀ դեսպանությունում կայացել է ամանորյա ընդունելություն
ОбществоԳերմանիայում ՀՀ դեսպանությունում դեկտեմբերի 17-ին կայացել է ամանորյա ընդունելություն, որին հրավիրված են եղել Գերմանիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրերին` դեսպան Աշոտ Սմբատյանը ներկայացրել է 2015 թվականի ընթացքում դեսպանության և հայ համայնքի համատեղ ջանքերով իրականացրած աշխատանքները: Իր խոսքում ՀՀ դեսպանը հատուկ շնորհակալություն է հայտնել համայնքային գործիչներին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման գործում ցուցաբերած աջակցության համար:
Այնուհետև դեսպան Սմբատյանը մի շարք համայնքային գործիչներին հանձնել է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների պարգևները: Հայաստան-Սփյուռք համագործակցության խթանմանն ուղղված ակտիվ ջանքերի, ինչպես նաև` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստմանն ակտիվ մասնակցելու համար ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել են Բեռլինի հայ համայնքի ղեկավար Վարդգես Ալյանակը, Բեռլինի հայ եկեղեցական և մշակութային միության ղեկավար Սոնա Այպերը, Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի անդամներ Սոնա Հակոբյանը և Սերժ Տեր-Հակոբյանը և Գերմանահայկական ընկերակցության փոխնախագահ Զորջիո Բավայը:
Գերմանիայում հայկական մշակույթն ըստ արժանվույն ներկայացնելու և համայնքային մշակութային կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով պարգևատրվել են գերմանաբնակ հայ տենոր, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Արտակ Կիրակոսյանը, գերմանաբնակ հայ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը:
Երեկոյի պաշտոնական մասին հաջորդել է ընդունելություն, որը բացվել է Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի աղոթքով: