Առաջին բացիկների ահասարսուռ աշխարհը
LifestyleՄարդասպան-գորտեր, թեյնիկի մեջ եփվող նորածիններ կամ էլ մուկը՝ խեցգետնին հեծնած. բոլոր այս զարմանալի պատկերները թվում է, թե ոչ մի կապ չունեն սուրբծննդյան շնորհավորական բացիկների հետ: Սակայն պարզվում է, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Վիկտորյա թագուհու գահակալման ժամանակահատվածում՝ 1837-1901 թվականներին, նման շնորհավորական բացիկները դիտվում էին որպես սովորական երևույթ:

Առաջին Սուրբծննդյան շնորհավորական բացիկն առևտրային շուկա է հանվել Հենրի Քոուլի կողմից 1843թ.: Այդ ժամանակից ի վեր` բացիկները հասանելի են դարձել բազմաթիվ մարդկանց, քանի որ դրանք թե՛ գեղեցիկ էին, թե՛ մատչելի: Բացիկների միջոցով մարդիկ միմյանց պատմում էին, թե ինչ անմոռանալի իրադարձություն է տեղի ունեցել նախորդ տարվա ընթացքում, ինչպես նաև հնարավորություն էին ունենում Նոր տարվա կապակցությամբ բարեմաղթանքներ հղել իրենց մտերիմներին:

Հրատարակիչներն էլ բացիկների համար օգտագործում էին ցանկացած հետաքրքրաշարժ պատկերներ, նույնիսկ այնպիսիք, որոնք որևէ առնչություն չունեին ամանորյա տոների հետ: Բացիկների վրայի պատկերները ոչ միայն որևէ կապ չունեին կրոնական այդ տոնի հետ, այլև շատ հաճախ նույնիսկ սարսափելի թեմաներ էին արծարծում: Բայց, քանի որ 19-րդ դարավերջի բրիտանական կայսրության բնակիչները սուրբծննդյան տոներին հումորով էին վերաբերում, ուստի այնքան էլ չէին նկատում: Ու եթե ոմանց համար այդ սարսափազդու բացիկները տարօրինակ և նույնիսկ զզվելի էին, ապա շատերի կարծիքով դրանք զվարճալի էին և շատ հետաքրքիր: Ի դեպ, այդ ժամանակաշրջանում գոյություն ունեին նաև ներկայիս ընկալումներով «սովորական» համարվող տոնական բացիկներ նունպես, որոնք զարդարված էին տոնածառերով, Ձմեռ պապիկով և այլ տոնական պատկերներով, բայց զարմանալիորեն բացիկների շուկայում շարունակում էին ավելի պահանջարկ վայել ոչ թե այսպես ասած «դասական» բացիկները, այլ արտասովորներն ու դաժանություն քարոզող տոնական քարտերը:


Ա.Գ.