Ճապոնիայում տեղադրվել է հայկական առաջին խաչքարը
ОбществоՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ճապոնիայի Միջազգային քրիստոնեական համալսարանի տարածքում դեկտեմբերի 22-ին տեղադրել է Խաղաղության խաչքար։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությ ունից, խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում ելույթ են ունեցել Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, Միջազգային քրիստոնեական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կակուտարո Կիտաշիրոն և համալսարանի ռեկտոր Ջունկո Հիբիյան, ներկա են եղել Ճապոնիայի հասարակական ու մշակութային կառույցների ներկայացուցիչներ, համալսարանների դասախոսներ, ուսանողներ, հայ համայնքի անդամներ։
Ելույթներում, մասնավորապես, նշվել է, որ Ճապոնիայում հայկական առաջին խաչքարի տեղադրումը կարևոր և խորհրդանշական քայլ է, հաշվի առնելով, որ այն իրականացվել է քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի կողմից և խաղաղության ու բարեկամության պատգամ է հանդիսանում ժողովուրդներին և գալիք սերունդներին։ Նշվել է նաև, որ խաղաղության խաչքարի տեղադրումը հայ-ճապոնական բարեկամության շարունակության և ամրապնդման վկայությունն է։