Սիրիական քաղցրավենիքից մինչեւ փայտյա զարդատուփեր. սիրիահայերը Երեւանում ցուցահանդես են կազմակերպել
ОбществоԱրդեն երեք տարի Երեւանում բնակվող Զարմինեին երեւանցի քաղցրակերները լավ են ճանաչում: Ասում է` իր պատրաստած քաղցրավենիքները լավ են ստացվում, քանի որ մեջը սեր է դնում, միահյուսում հայկականն ու սիրիականը, ու դառնում է յուրահատուկ խառնուրդ:
Զարմինեն պատմում է, որ Հալեպից Երեւան տեղափոխվելուց հետո որոշեց ընտանիքին օգտակար լինել եւ իր խոհարարական հմտության շնորհից գումար վաստակել: Սկզբում հարեւանների համար էր սիրիական քաղցրավենիք պատրաստում, որոշ ժամանակ անց արդեն հաճախորդների շրջանակը մեծացավ:
Զարմինեն ու էլի բազմաթիվ սիրիահայեր «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» երկօրյա ցուցահանդեսի մասնակիցներն են: Ցուցահանդեսին կարելի է գտնել սիրիական քաղցրավենիքներ, փայտյա իրեր, համեմունքներ, զարդեր ու արծաթյա սպասք: Սիրիահայ Վանին փայտագործություն սովորել է հորից: Այժմ Երեւանում փայտագործությամբ է զբաղվում եւ պատրաստում զարդեր ու զարդատուփեր: Ասում է` Հալեպում գնորդների թիվն ավելի մեծ էր, սակայն երեւանյան կյանքից էլ չի դժգոհում: «Այսքան տոկացել ենք, մի քիչ էլ կտոկանք»,- ասում է նա:
Ցուցահանդեսի մասնակիցների հետ հանդիպումից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոստովանում է, որ իրեն առավել ուրախացրել է փաստը, որ այս տարի ցուցահանդեսի մասնակիցների թիվը մեծացել է: «Շատ ուրախ եմ, որ նորություններ տեսա: Նոր ստեղագործություններով, նոր մոտեցումներով աշխատանքներ են ներկայացնում: Շատ կարեւոր է, որ ավելանում է մասնակիցների թիվը: Եթե առաջ 10-15 հոգի էր մասնակցում, այսօր արդեն ավելի շատ են: Ուրախացնում է, որ այդ ապրանքներն արտադրված են Հայաստանում եւ զարգացնում են փոքր եւ միջին բիզնեսը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը` հÕ �վելելով, որ սիրիական քաղցրավենիքներն ու խաղալիքները կարող են դառնալ հայկական ամանորյա սեղանի զարդը, իսկ զարդերն ու ձեռագործ իրերը` լավագույն նվերը մտերիմներին: