Ջոննի Դեփը՝ տարվա անարդարացիորեն ամենաբարձր վարձատրվող դերասան
LifestyleՄիջազգային հեղինակավոր Forbes ամսագրի կազմած ցուցակի համաձայն` 2015թ. անարդարացիորեն բարձր վարձատրվող դերասանների ցանկն այս անգամ գլխավորել է Ջոնի Դեփը,- գրում է Orer.am-ը:
Ցուցակում ընդգրկվել են նաև այն դերասանները, ովքեր մարմնավորել են մինչև հունիս ամիսը մեծ էկրան բաձրացած ֆիլմերի գլխավոր դերակատարներին: Իսկ Դեփին վճարված ամեն 1 դոլարի դիմաց ներդրողները ստացել են ընդամենը 1,2 դոլար եկամուտ, քանի որ նրա մասնակցությամբ նկարահանված «Մուրթքեն» կոմեդիան վարձույթում ձախողվեց: Ֆիլմի ստեղծման համար չնայած 60 միլիոն դոլար գումար էր ծախսվել, սակայն եկամուտը կազմել է միայն 47,4 միլիոն: Դեփի մասնակցությամբ 2014թ. նկարահանված գիտաֆանտաստիկ ժանրի «Գերազանցություն» ֆիլմն անցյալ տարի հազիվ էր ծածկել ծախսերը, ինչը պետք է, որ ֆիլմարտադրությամբ զբաղվող պրոդյուսերներին հուշեր հնարավոր անհաջողությունների մասին:
Forbes-ի ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Դենզել Վաշինգտոնը: Նրա ստացած յուրաքանչյուր դոլարի դիմաց ներդրողները ստացել են 6,5 դոլար: Դերասան Ուիլ Ֆերելը, ով 2009 և 2010թթ. անընդմեջ գլխավորում էր Անարդարացիորեն ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը, այս անգամ գրավել է իր համար «պատվավոր» երրորդ հորիզոնականը: Նրա վրա ծախսած ամեն դոլարի դիմաց ներդրողները հնարավորություն են ունեցել հետ բերել 6,8 դոլար՝ նկարահանվելով «Հեռուստահաղորդավար 2. և կրկին ողջույն» և «Ապականված քարոզարշավը` արդար ընտրությունների կողմնակից» ֆիլմերում:
Ֆերելից մի քանի քայլով հետ էր մնացել չորրորդ հորիզոնականը զբաղեցրած Լիամ Նիսոնը, քանի որ «Գերուհի 3» ֆիլմի եկամուտները ծածկել են «Գիշերային փախստականը» ֆիլմի ծախսային ձախողումը: Forbes-ի տվյալներով՝ ֆիլմի ստեղծման համար ծախսվել է 50 միլիոն, իսկ եկամուտը կազմել է 71,6 միլիոն դոլար:
Այժմ ներկայացնենք 2015 թ. անարդարացիորեն բարձր վարձատրվող դերասանների ցուցակը.
1. Ջոնի Դեփ – $1,20
2. Դենզել Վաշինգտոն - $6,50
3. Ուիլ Ֆերել - $6,80
4. Լիամ Նիսոն - $7,80
5. Ուիլլ Սմիթ - $8,60
6. Քրիստիան Բեյլ - $9,20
7. Չեննինգ Տատում - $10,80
8. Բրեդ Փիթ - $12
9. Բեն Աֆլեք - $12,30
10. Թոմ Քրուզ - $13,60
Իսկ 2015թ. ամենաեկամտաբեր դերասանների ցուցակն այսպիսի տեսք ունի.
1. Քրիս Էվանս - $181,80
2. Միլա Կունիս - $87,30
3. Սքառլեթ Յոհանսոն - $84,90
4. Գվինեթ Փելթրոու - $82,90
5. Էմմա Սթոուն - $54
6. Քրիս Հեմսվորթ - $42,10
7. Վին Դիզել - $ 40,30
8. Ջենիֆեր Լոուրենս – 39,10
9. Մարկ Ուոլբերգ - $37,90
10. Դուեյն Ջոնսոն - $ 28,10
Քրիս Էվանսը գլխավորել է 2015թ. Ամենաեկամտաբեր դերասանների ցուցակը: Նրա վրա ծախսված ամեն դոլարը բերում է 181,8 դոլար եկամուտ: Հարց է ծագում, սակայն, թե ինչպես են կազմվում ամսագրի ցուցակները:
Ցուցակի մեջ ներառվում են երեք ֆիլմեր, որոնք մեծ էկրան են բարձրացել մինչև 2015 թ. հունիս ամիսը և այդ ֆիլմերի գլխավոր դերակատարները: Այնտեղ չեն ընդգրկվում այն մուլտֆիլմերն ու ֆիլմերը, որտեղ այդ դերասանները կատարել են երկրորդական դերեր: Ցանկում տեղ չունեն նաև այն ֆիլմերն ու նրանց գլխավոր դերասանները, որոնք 2000-ից պակաս վայրերում են ցուցադրվել: Այնուհետև, Forbes-ի ցուցակագիրները ֆիլմի համաշխարհային եկամուտներից հանում են ամեն ֆիլմի արտադրության համար նախատեսված բյուջեն և ստանում եկամուտի չափը: Ստացված թիվը, բաժանելով դերասանի հոնորարի վրա, ստանում են այն եկամուտը, որը ստանում են ֆիլմարտադրության ներդրողները:
Ա.Գ.