Հայ բեռնափոխադրողներին կթույլատրվի ԵԱՏՄ տարածքում իրականացնել կաբոտաժային բեռնափոխադրում
ЭкономикаՀՀ կառավարությունն իր նախորդ որոշումներից մեկում կխմբագրի կաբոտաժային փոխադրումներն արգելող դրույթը և կաբոտաժային փոխադրումների առաջին փուլը կազմակերպելու համար կսահմանի ՀՀ-ում և ՀՀ-ից կաբոտաժային փոխադրումների իրականացման կարգը:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում:
Ներկայում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան ՀՀ-ում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են: Սակայն 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի` Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցելուց հետո, ԵԱՏՄ տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է համարվում անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը, որը հնարավորություն կտա ԵԱՏՄ անդամ-պետությունների բեռնափոխադրողներին առավել արդյունավետ կազմակերպել մի ջազգային բեռնափոխադրումները:
Իրավական ակտի փոփոխման նպատակն է` կանոնակարգել ԵԱՏՄ անդամ-պետություններում հաշվառված միջպետական բեռնափոխադրողների կողմից ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումները և ՀՀ-ում հաշվառված բեռնափոխադրողներին ընձեռնել հնարավորություն միջպետական բեռնափոխադրում կատարելուց հետո իրականացնել անդամ-պետության տարածքում մեկ կաբոտաժային բեռնափոխադրում:
Ակնկալվում է 2016 թվականի հունվարի 1-ից թույլատրել հայ բեռնափոխադրողներին Ռուսաստանի Դաշնությունում, Ղրղզստանում, Բելառուսում միջպետական բեռնափոխադրումն ավարտելուց հետո իրականացնել կաբոտաժային բեռնափոխադրում: Այն հնարավորություն կտա հայ բեռնափոխադրողին զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և կհանդիսանա լրացուցիչ եկամուտի աղբյուր: Արդյունքում հայ բեռնափոխադրողների կողմից տվյալ բնագավառում կկատարվեն ներդրումներ, կթարմացվի տրանսպորտային պարկը, կզարգանան միջպետական բեռնափոխադրումները: