Վարչապետի հանձնարարությամբ մշակվել է ավտոմեքենաների գազաբալոնային համակարգի տեխնիկական նոր կանոնակարգ
ОбществоՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է վերջերս ավտոգազալիցքավորման ճնշակայաններում հաճախակի դարձած պայթյունների առաջացման պատճառների վերացման նպատակով ՀՀ վարչապետի 2015 թվականի հուլիսի 22-ի հանձնարարականի կատարմամբ:
Հիմնավորման համաձայն` ՀՀ-ում այս ոլորտում ներկայումս առկա են մի շարք խնդիրներ, կապված ԱԳԼՃԿ-ներին և գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման, ինչպես նաև նոր արտադրված և ներմուծվող գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման հետ, որոնց լուծման նպատակով համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին, ինչպես նաև ՀՀ ոստիկանությանը:
Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են պահանջներ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային համակարգիկ համար՝ մարդու կյանքի և առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանական և բուսական աշխարհի պահպանության, ինչպես նաև ռեսուրսախնայողության նպատակներով:
Որոշման ընդունումից հետո տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող և կամավոր սկզբունքով կիրառվող ազգային ստանդարտների ցանկը կհրապարակվի եռօրյա ժամկետում, իսկ որոշումն ուժի կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: