ՏՏ ոլորտի համար 2016թ.-ը կլինի մասշտաբային ծրագրերի տարի
ОбществоՏեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար 2015թ. հրաշալի տարի է եղել: Ոլորտն արձանագրել է 20 տոկոսանոց աճ: Հատկանշական է այն հանգամանքը, որ ոլորտում 60 նորաստեղծ կազմակերպություններ են ձևավորվել: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կազմակերպված ընդունելությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
«Այս տարին հատկանշական էր նաև այն առումով, որ Հայաստանը գրվեց աշխարհի քարտեզի վրա: Ինքներդ գիտեք՝ մի շարք հայկական արտադրանքներ, լուծումներ, որոնք համարվում են լավագույններն աշխարհում:
Ինչպես այսօր նշել է նաև հանրապետության Նախագահը, մասնավոր հատվածի դերը շատ կարևոր է երկրի ընդհանուր տնտեսության զարգացման համար»,- ընդգծեց Ենգիբարյանը:
Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է ողջ տնտեսության շարժիչ ուժը, որը նաև ապագայում լինելու է Հայաստանի մրցակցային առավելությունը: «2016թ. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների համար կլինի մասշտաբային ծրագրերի տարի: Այդ ծրագրերն իրականացվելու են պետություն-մասնավոր համագործակցության սկբունքի հիման վրա: Ինչպես նշել է հանրապետության Նախագահը, պետությունն այս նախագծերում իր լուրջ մասնակցությունը կունենա, որովհետև հավասարակշռված երկարաժամկետ քայլերով մենք կարող ենք արձանագրել ավելի ու ավելի մեծ հաջողություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- եզրափակեց Ենգիբարյանը: