Երևանի բժշկական կենտրոններից մեկում դրամապանակ են գողացել
ОбществоԵրևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բժշկական կենտրոնի աշխատասենյակից գողություն կատարած անձի ինքնությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկում հանցագործություն կատարած անձն աշխատասենյակում գտնվող պայուսակից հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և երկու «Նվեր քարտ»:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են բժշկական կենտրոնում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված երիտասարդի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, կարող են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: