Ոսկեպարի, Բաղանիսի և Ոսկեվանի 250 փոքրիկների կայցելի «Բարի Ձմեռ պապը»
Общество«Համաչափ զարգացում» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունն այս տարի ևս շարունակում է արդեն ավանդական դարձած «Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրը, որն ուղղված է սահմանամերձ գյուղերում բնակվող և սոցիալական ծանր դրության մեջ գտնվող, նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին: Ծրագիրն իրա կանացնում է 2008 թվականից ի վեր:
«Համաչափ զարգացում» համայնքային զարգացման ՀԿ-ից տեղեկացրին, որ ծրագրի 2015-2016 փուլն իրականացվում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և Ոսկեվան գյուղերում: Դեկտեմբերի 27-ին և 28-ին իրականացվելու է Ձմեռ պապի այցելություն նշված գյուղեր, և նվիրատվություն` Ձմեռ պապին նախապես նամակներ ուղարկած շուրջ 250 երեխաներին: Բարեբախտաբար, արդեն հաջողվել է նվերներ պատրաստել գրեթե բոլոր երեխաների համար, շատ դեպքերում` հենց նրանց ցանկացած նվերները:
Ծրագրի ողջ պատմության ընթացքում նվիրատվություն է կատարվել Վայոց ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի շուրջ 16 հազար 500 երեխայի: Հիմնական նպատակն է բոլոր սահմանամերձ գյուղերը ներառել այս ծրագրում:
Սկզբունքը հետեւյալն է` տարվա ընթացքում երեխաներից հավաքվում են նամակներ, որոնք տեղադրվում են ծրագրի կայքում` www.santaclaus.am: Բոլոր ցանկացողները կարող են իրենք ընտրել կոնկրետ նամակ կամ կոնկրետ հասցեատիրոջ եւ նվիրատվություն կատարել իրենց նախընտրած նամակագրին: Այսպիսվ յուրահատուկ կապ է ստեղծվում նամակագիրների եւ նվիրատուների միջեւ: Կարդալով նամակը, տեսնելով այն ուղղած երեխայի նկարը` մարդը հասկանում է, որ իր նվերը կոնկրետ հասցեատեր ունի, նվիրատվությունն անձնավորված է: Այս եղանակով աշխատելու արդյունքում գրեթե բոլոր նամակագիրները ստանում են այն նվերները, որոնք խնդրել են Ձմեռ պապից:
Նվիրատուները մեծ ոգեւորությամբ են փոխանցում նվերները եւ հնարավորություն ունեն հավաստիանալ նվերները տերերին հասնելու մասին` տեղում կատարված լուսանկարների միջոցով, որոնք եւս տեղադրվում են նշված կայքում:
Ուրախալի է, որ երեխաների մեծ մասը խնդրում է կրթական-զարգացնող նշանակության նվերներ` գրքեր, հանրագիտարաններ, համակարգիչ եւ այլն: Շատ դեպքերում սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաները խնդրում են պարզապես տաք հագուստ եւ կոշիկ, ինչը սոցիալական լուրջ խնդիրների մասին է խոսում:
Ծրագրի արդյունքում հաջողվում է իրագործել շատ երեխաների նաեւ մեծ ցանկությունները: Թեկուզ օգտագործված, սակայն անհրաժեշտ նվերները ստացվում են տարբեր նվիրատուների կողմից: