Երիտասարդական նվագախումբը կտոնի ստեղծման 10-ամյակը
КультураՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հունվարի 25-ին կտոնի ստեղծման 10-րդ հոբելյանը: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«Մեծ պատասխանատվությամբ տոնելու ենք մեր 10-ամյակը: Կարևորն այն է, որ 10 տարի նվագախումբ, ընտանիք, թիմ ենք եղել, նվագախումբը չի ստեղծվել, որովհետև պետք է ստեղծվեր: Այն ինքնաբուխ պոռթկում էր, գաղափարի շուրջ միավորված մարդիկ էին: Տասը տարվա աշխատանքի ընթացքում ունենք մեծ հաջողություններ: Ամենագլխավոր ձեռքբերումն այն է, որ գաղափարը, որ միավորեց մեզ, նույնն է, չի փոխվել: Մենք ուզում էինք լինել միասին, ցույց տալու բան ունեինք»,- նշեց Սերգեյ Սմբատյանը:
ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի խոսքով` հունվարի 25-ին նախատեսվում է կազմակերպել 10-ամյակին նվիրված համերգ:
«Ծրագիրը շատ մեծ է, հայտնի արտիստներ կլինեն, շատ սպասված և կարևոր հյուրեր ունենք: 2016-ին կազդարարենք, թե ովքեր են մասնակցելու համերգին: Հունվարի 25-ին կներկայացնենք նվագախմբի նոր անունը, և ամեն ինչ պարզ կլինի»,- ընդգծեց նա:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` Սմբատյանը շեշտեց, որ առաջիկայում նախատեսված են հյուրախաղեր, ինչպես նաև ակտիվ մարզային գործունեություն:
«Պլանները շատ են: Կրթական նախագծերով ենք հանդես գալու 2016 թվականին: Հյուրախաղերը Եվրոպայում են լինելու, դեռ հստակ չեն երկրները. մեծ գործակալություն կա, որն ամեն ինչ անում է, որ Եվրոպայում համերգաշրջան ունենանք: Բացի այդ, հրավեր ենք ստացել Բեյրութի «Ալ-Բուստան» փառատոնից` հաջորդ տարի էլ լինել պաշտոնական նվագախումբ: Շատ լավ արտիստներ են մասնակցելու փառատոնին»,-եզրափակեց նա: