Հայկ Դեմոյանը թանգարան այցելող թուրքերի վարքագծում փոփոխություններ է նկատում
ОбществоՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելած թուրքերի պահվածքում նկատելի փոփոխություններ են արձանագրվում:
Այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` նշելով, որ եթե վերջին տասը տարվա ընթացքում իրե նք ունեցել են մոտ 500 թուրք այցելու, ապա այս տարվա 8 ամիսներին արդեն 1000 թուրք զբոսաշրջիկ է այցելել թանգարան: «Փոքրիկ գաղտնիք բացեմ. մենք հետևում ենք թուրք այցելուների արձագանքին, իհարկե, ոչ տեսախցիկների, գաղտնալսման միջոցով, այլ նրանց պահվածքն ենք ուսումնասիրում, հետևում ենք, թե ինչպես ենք նրանք վերաբերվում ցուցանմուշներին: Եթե նախկինում ցուցադրությանը վերաբերում էին որոշակի պաշտպանողական վարքագծով`երբեմն հեգնանքով ու քմծիծաղով, ապա այժմ թուրք այցելուների շրջանում տպավորիչ լռություն է ակնհայտ»,-ասաց Դեմոյանը:
Նրա խոսքով` թանգարանը ոչ միայն հայերի պատմության մի շրջանի մասին է, այլև թուրքերի պատմության ու հիշողության մի մասն է, որից իրենք չեն կարող ձերբազատվել:
Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին ևս կնկատվի թուրք այցելուների հոսք` նշելով, որ այցելող խմբերն իրենց հետևից բերում են նոր հոսքեր:
Թանգարանի տնօրենի խոսքով` Հայոց ցեղասպանության ողբերգությունը մարդկանց, հատկապես, օտարերկրացիներին հասու դարձնելու լավագույն ուղիներից է մարդկային պատմությունների միջոցով թեման արծարծելը: Այդ իմաստով` նա հաջողված է համարում Ավրորա Մարդիգանյանի, թուրքական բանակի սպա հայազգի Սարգիս Թորոսյանի, ցեղասպանության տարիներին գաղթական հայերին աջակցություն ցուցաբերած օտարերկյա միսիոներների և այլոց պատմություններ վերհանումը: