Քառյակն այսօր կհավաքվի ԲՀԿ խմբակցությունում
Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակն այսօր կորոշի հանրահավաքի օրը: Քառյակը համատեղ հանրահավաք անցկացնելու մտադրության մասին հայտնել էր դեռևս Ազգային ժողովի անցած նստաշրջանի ընթացքում, գրում է «Արմենպրես»-ը:
Քառյակի անդամ քաղաքական 4 ուժերը 12 կետից բաղկացած պահանջներ էին ներկայացրել կառավարությանը և դրանք կյանքի կոչելու համար վերջնաժամկետ էին սահմանել սեպտեմբերի 30-ը: Նրանք հայտարարել էին, որ իրենց ներկայացրած պահանջների կատարման արդյունքները կամփոփեն համատեղ հանրահավաքի ընթացքում:
Քառյակի վերջին նիստում, որն անցկացվեց «Ժառանգություն» խմբակցությունում, քննարկվել է հենց հանրահավաքի անցկացման օրը: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ևս մեկ անգամ հանդիպել սեպտեմբերի 10-ին և որոշել հանրահավաքի օրը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ սեպտեմբերի 17-ին իրենք կհայտարարեն հանրահավաքի օրը: Քառյակի հերթական հանդիպումը կանցկացվի ԲՀԿ խմբակցությունում:
Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե հանրահավաքին կմասնակցե՞ն քառյակի բոլոր ուժերը: Վերջին հանդիպումից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հստակ պատասխան չտվեց հարցին, թե քառյակի բոլոր ուժերը հանրահավաքին մասնակցելու պատրաստակամություն հայտնե՞լ են: Նա միայն նշեց, որ դա էլ քննարկելու հարց է, իսկ բոլոր հարցերի պատասխանները կլինեն քառյակի հերթական հանդիպումից հետո: