Ոսկեպարցի 10 դպրոցականներ Սուրբ Ծնունդը կդիմավորեն քրիստոնյայի կարգավիճակում
ОбществоՏավուշի սահմանապահ Ոսկեպար գյուղի 5-6-րդ դասարանի 10 աշակերտներ գալիք տոները կդիմավորեն քրիստոնյայի կարգավիճակում: Դպրոցում Հայոց եկեղեցու պատմության առարկայի շրջանակներում ծանոթանալով Հայ եկեղեցու կարևորագույն ծեսերից երկուսին` Մկրտությանն ու Հաղորդությանը` երեխաները մկրտվելու ցանկություն են հայտնել:
Ոսկեպարի դպրոցի Պատմության և Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Գայանե Սիրադեղյանը նկատեց, որ, չնայած գյուղում մկրտվածները մեծ թիվ չեն կազմում, բայց երեխաները մեծ ցանկություն են հայտնել մկրտվելու, իրենք էլ կազմակերպել են արարողությունը: «Երեխաները մկրտվել են Ոսկեպարի Սուրբ Սարգիս եկեղեցում Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի կողմից»,- տեղեկացրեց Գայանե Սիրադեղյանը` հավելելով, որ երեխաների կնքահայրերի թվում են Ոսկեպարի գյուղապետն ու դպրոցի ուսուցիչներից մեկը:
Գայանե Սիրադեղյանը կարևորեց նաև Տավուշի հոգևեր առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալաստանյանի հովվական այցը գյուղ, որին դպրոցի երեխաները պատրաստվել էին փոքրիկ միջոցառմամբ:
Ինչ վերաբերում է գյուղում տիրող վիճակին, ապա մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ վերջին շրջանում կրկին ադրբեջանական կողմն ակտիվացել է ու պարբերաբար կրակում է գյուղի ուղղությամբ: «Նույնիսկ կրակել են մկրտության օրը, քանի որ եկեղեցին ուղիղ ադրբեջանական դիրքերի նշանառության տակ է»,-հավելեց Գայանե Սիրադեղյանը: Ոսկեպարցիները, այնուամենայնիվ, փորձում են ամուր լինել ու պատրաստվել գալիք տոներին: