Անձին ազատությունից զրկելը չպետք է լինի ինքնանպատակ. Արփինե Հովհաննիսյան
ОбществоԱնձին ազատությունից զրկելը չպետք է լինի ինքնանպատակ:
Այս մասին դեկտեմբերի 28-ին կայացած տարեվերջյան ասուլիսին ասաց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Ազատությունից զրկելու պարագայում պատժի կրման պայմանների համար պատասխանատու արդարադատության նախարարության գերխնդիրը պետք է լինի, որ անձին ազատությունից զրկելը չնշանակի զրկանքներ կրել պատժի կրման պայմանների առումով: Հիմնական զրկանքը պետք է լինի ազատությունից զրկելը կամ մեկուսացնելը: Սա է այն խնդիրը, որը մենք դրել ենք մեր առջև»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Այդ նպատակով արված քայլերի վառ օրինակ Արդարադատության նախարարը համարեց «Արմավիր» քերակատարողական հիմնարկի ստեղծումը, որի ամբողջական ավարտն ու շահագործման հանձնումը ազդարարվեց օրեր առաջ: Չորս հարյուր դատապարտյալների համար նախատեսված մասնաշենքը շահագործման էր հանձնվել նախորդ տարի, իսկ 840 դատապարտյալների համար նաատեսված 2-րդ և 3-րդ մասնաշենքերը՝ այս տարի:
«Նաև այնտեղ կան 120 դատապարտյալի համար նախատեսված հիվանդանոց, վիրահատարան և հետ վիրահատական սենյակներ: Կարող եմ փաստել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը համապատասխանում է միջազգային չափանիշներին և այն ունակ է լուծում տալ դատապարտյալների պատժի կրման հետ կապված մի շարք կարևորագույն հարցերի՝ ինչպիսիք են դատապարտյալների գերբնակեցման խնդիրը», - նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Արդարադատության նախարարը շեշտեց, որ պետությունը չի կարող անընդհատ շարժվել քրեակատարողական հիմնարկների չափազանց ծախսատար և ժամանակատար ուղով: Նա խոստովանեց, որ այս առումով առկա են բազում անելիքներ` թե քրեակատարողական հիմնարկների վերանորոգման և նույնիսկ կառուցման առումով:
Խոսելով ավարտին մոտեցող տարվա ընթացքում ներկայացված օրինագծերի վերաբերյալ` Արդարադատության նախարարը նաև կարևորեց «Կալանավորված և ձերբակալված անձանց պահելու վայրերի մասին» օրինագծում կատարված փոփոխությունները:
«Փաստաբաններին հնարավորություն է ընձեռվում իրենց պաշտպանյալներին տեսակցել ոչ աշխատանքային օրերին, բացի այդ, մինչ այն պահը, երբ նրանք դեռ հանդես չեն գալիս, այլ դեռևս պետք է ստանձնեն իրենց վստահորդի իրավունքների պաշտպանությունը, կրկին թույլատրվում են տեսակցությունները», - նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Փատաբաններ կան, ովքեր ոչ միայն քրեական գործի շրջանակներում անհրաժետշություն ունեն այցելելու վստահորդին, այլ՝ այլ գործերի շրջանակում: Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ փոփոխությունների արդյունքում, ի տարբերություն նախկինում գործող արտոնությունների, արդեն նման հնարավորությունը առկա է: