Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացումը
ОбществоՄալաթիա հիվանդանոցն այսուհետ հասարակությանը կներկայանա նոր ծառայություններով ու նոր անվամբ: Հիվանդանոցի իրավահաջորդ «Աստղիկ» բժշկական կենտրոնը ոչ միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, այլև ողջ հանրապետության բնակչությանը կտրամադրի շուրջ 27 ծառայություն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը շեշտում է, որ ներկա դրությամբ բարձրակարգ ծառայությունների թիվը 22-ն է, 2016-ին դրանց թիվը կավելանա 5-ով: «Ծառայությունների թվում են սրտաբանական, վիրաբուժական, գինեկոլոգիական, վնասվածքաբանական, նյարդաբանական և այլ ծառայություններ, որոնք տարիների ընթացքում անընդհատ արդիականացվել են և հագեցվել նորագույն սարքավորումներով: Ներկա դրությամբ կենտրոնի աշխատակիցների թիվը 700-ն է, նախատեսվում է, որ 2016-ին աշխատակիցների թիվը կհասնի 1200-ի»,- ասաց Ասատրյանը` հավելելով, որ բժիշկների միջին աշխատավարձն այժմ կազմում է 240 հազար դրամ, իսկ միջին բուժանձնակազմի աշխատավարձը` 94 հազար դրամ: