«100 դուռ». հնագույն եկեղեցիների դռների լուսանկարներն ամփոփվեցին մեկ ցուցահանդեսում
КультураԱրևմտյան Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, Ջավախքի և Արցախի տարածքում գտնվող հնագույն 100 եկեղեցիների դռներն ամփոփվեցին մեկ լուսանկարչական ցուցահանդեսում: «100 դուռ» նախագիծը նպատակ ունի գեղագիտության լեզվով ևս մեկ անգամ բարձրացնել հայ ժողովրդի` մեկ դար տևող պայքարի պահանջները և խոնարհում բերել Հայոց ցեղասպանու թյան նահատակներին:
«2012-ի վերջն էր, Սուրբ Հռիփսիմե վանքի մոտ առաջացավ նախագիծն իրականացնելու միտքը: Մեկ տարի մտածեցի` արդյոք կարող եմ այս ամենի «տակից» դուրս գալ, որովհետև ծախսերն ահռելի էին: Բայց հավատացել եմ, որովհետև Աստծուն եմ հավատում: Ամբողջ աշխարհի փրկության միակ դուռը հենց եկեղեցու դուռն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսի ընթացքում նշեց «100 դուռ» նախագծի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը:
Նա նշեց, որ եկեղեցիների դռները տարբեր կերպ են գտել, շրջել են մարզերով, դիմել համակարգչի, տեղի բնակիչների օգնությանը:
«Արևմտյան Հայաստանում, իհարկե, ոչ ոք չէր օգնում: Այնտեղ նկարեցինք հինգ եկեղեցու դուռ: Ցուցահանդեսի հրավիրատոմսերով մենք հավաքեցինք Մշո Առաքելոց վանքի դուռը, և ցանկանում ենք մի օր մեր ձեռքերով իրական դուռը տանել և տեղադրել վանքի մուտքին: Բարդություններ եղան, բայց ավելորդ չհերոսանանք, բոլորն էլ կարող են գնալ և նկարել»,-նշեց նա:
Ցուցահանդեսը կտևի երկու օր`դեկտեմբերի 30-ը ներառյալ: «Հաջորդ տարի կլինենք Արցախում, հետո կշրջենք այլ տեղերում»,-հավելեց Խաչիկ Եղոյանը:
Նախագծի լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ իրենք լուսանկարել են ավելի շատ եկեղեցիների դռներ:
«Դժվարությամբ փորձեցինք ընտրել, որովհետև բազմաթիվ էին ու շատ հետաքրքիր թե’ դռները, թե’ զարդանախշերը»,-նշեց նա:
Ցուցահանդեսի մեկնարկին ներկաները դիտեցին «100 դուռ» նախագծի մասին պատմող տեսաֆիլմ: Հատուկ շեշտվեց, որ նախագծի մասնակիցներն ամբողջ ընթացքում աշխատել են «1915.մեր վերքերը դեռ բաց են» մակագրությամբ շապիկներով: