ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ սահմանապահ զորամաս
ОбществоՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 30-ին, այցելել է ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N սահմանապահ զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի այցի կապակցությամբ կազմակերպած հանդիսավոր զինվորական շարասյան ժամանակ ողջունելով զինծառայողներին՝ Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարության, բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի անունից շնորհավորել է նրանց Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթել խաղաղություն, ուժ և կորով: Նախարարը շեշտել է, որ մեր ժողովրդի այսօրվա խաղաղ, կյանքը և ստեղծագործ աշխատանքն ապահովում են իրենք` սահմանը պաշտպանող զինվորները:
Բնապահպանության նախարարը հայտարարել է, որ Հայոց բանակը հաղթանակած բանակ է, մեր պետությունը դեռ գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում, բայց առաջիկայում կլինի սպասված խաղաղությունը և Հայաստանն էլ ավելի կհզորանա:
Զորամասի շտաբի պետ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ նկատել է, որ հայ զինվորն անհողդողդ կանգնած է Հայաստանի Հանրապետության սահմաններին և թույլ չի տա, որ խաթարվի մեր ժողովրդի անդորրը:
Զինծառայողներին շնորհավորելու նպատակով զորամաս էր այցելել նաև «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով իր մայրական բարեմաղթանքներն ու շնորհավորանքն է փոխանցել զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շրջել է զորամասի տարածքով, ծանոթացել զինվորների առօրյայի և զորանոցային պայմանների հետ: