Սիրիայում անորակ պատվաստանյութի ներարկումից մահացել է ավելի քան 60 երեխա
Международные новостиՍիրիայի Իլդլիբի մարզում ավելի քան 60 երեխա են մահացել ջրծաղիկի անորակ պատվաստանյութ ներարկելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, այժմ շատ երեխաներ գտնվում են ծանր վիճակում: Նրանց մոտ հայտնաբերվել են թունավորում և ալերգիայի նշաններ: Տեղեկություններ կան, որ Սինջար շրջանում 12 երեխա են մահացել:
Պատվաստանյութը Թուրքիայից սիրիական տարածք է մտցրել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան: Պատվաստանյութը ներարկվել է ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Իդլիբի Արմնազ, Քաֆր Բատիխ, Թել Մալբաս և այլ շրջաններում:
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է երեխաների պատվաստման արշավի ժամանակավոր դադարեցման մասին: Արշավը սկսվել էր 2 օր առաջ և անցկացվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ: