Կարեն Բաբաջանյանը` «Արամմա» ֆիլմի ստեղծման եւ գլխավոր հաղորդագրության մասին
LifestyleNews.am-ը գրում է.
Դեկտեմբերի 24-ին մեծ էկրաններ բարձրացավ Կարեն Բաբաջանյանի «Արամմա» ֆիլմը, որտեղ նկարահանվել են սիրված եւ ճանաչված դերասաններ Գոռ Հակոբյանը, Մարիամ Ադամյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ելենա Բորիսենկոն, Արսեն Գրիգորյանը, Ժաննա Բուտուլյանը, Աննա Մանուչարյանը եւ այլք: Արկածային կատակերգության գաղափարի, ստեղծման եւ հաղորդագրության մասին խոսեցինք ռեժիսոր Կարեն Բաբաջանյանի հետ:
-Կարեն, «Արամմա»-ն Հայաստանի համար բավականին անսովոր ֆիլմ է: Ինչպե՞ս ստեղծվեց այն նկարահանելու գաղափարը:
-Ֆիլմի գաղափարը ստեղծվել է «Ես եմ» ֆիլմի նկարահանումների ընթացքում, սակայն այդ ժամանակ դեռ վաղ էր ծնունդ տալ նրան, քանի որ գաղափարը բավականին հում վիճակում էր: Իսկ հիմա` արդեն մի քանի տարի անց, երբ որոշվեց, որ պետք է ֆիլմ նկարահանենք, առաջինը եկավ հենց այս գաղափարը, հետո լեզուն հիշեցինք, քանի որ տարիներ առաջ «3 Պատ» նախագծի ժամանակ նման լեզվով տեսարան էինք ունեցել:

-Ո՞րն է ֆիլմի կարեւորագույն հաղորդագրությունը:
-Իհարկե, շատ մեսիջներ կան, բայց կառանձնացնեմ ֆիլմում հայկական բնաշխարհը ներկայացնելը, որով էլ միտում կար խթանելու ներքին ու ներգնա տուրիզմի զարգացմանը:

-Համոզված եմ` նկարահանումները զերծ չեն մնացել հետաքրքիր միջադեպերից. Կհիշե՞ք դրանցից որեւիցե մեկը:
-Նկարահանման համար գյուղից ձի էինք բերել, նկարահանումից առաջ փախավ, ամբողջ նկարահանման խմբով ամեն ինչ թողած ձի էինք փնրում, մինչև ցեղապետը սարից գտավ բերեց… Արշավականներ, տուրիստներ էին գալիս` Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից: Հենց իրենցից էինք իմանում նորությունները: Տարօրինակն այն էր, որ մենք գնացինք չարչարվեցինք, բայց հանգստացած վերադարձանք: Պետք է նշեմ, որ Facebook-ին կակա էինք ասում:)

-Հե՞շտ էր Հայաստանում նկարահանել նմանօրինակ ֆիլմ:
-Պայմանների առումով դժվար է ասել` հեշտ էր, բայց երբ մոտեցումը ճիշտ է լինում, թիմային աշխատանքի շնորհիվ նկարահանումները դառնում են ավելի դյուրին և հաճելի: Մենք ունեցել ենք բավականին կարճ ժամանակ նման ֆիլմ նկարահանելու համար: Դերասաններից շատերը նույնիսկ նկարահանվել են վնասվածքներ ստացած… իսկ շտապ օգնությանը ևս կակա էինք ասում:)

-Ֆիլմը նախատեսված է միայն Հայաստանի՞ հայերի համար, թե՞ մտադրություն ունեք այն ներկայացնել նաեւ արտերկրում:
-Նախքան ֆիլմը նկարահանելը մեր առջև դրել ենք խնդիրներ, որոնցից մեկը հենց դա է եղել. նկարահանել տարբերվող ֆիլմ, որը հասանելի ու հասկանալի կլինի աշխարհում ապրող բոլոր հայերին, իսկ այլ ազգերի համար կլինի հետաքրքիր և գեղեցիկ: Հունվար ամսին ֆիլմի պրեմիերան կկայանա Լոս Անջելես քաղաքի հեղինակավոր կինոթատրոններից մեկում, իսկ մոտ ապագայում այն կցուցադրվի հայաշատ այլ քաղաքներում եւս:
Սյունե Առաքելյան