Վահե Թիլբիյանը՝ անցած տարվա, «Եվրատեսիլին» իր մասնակցության ու 2016 թ. ակնկալիքների մասին.
LifestyleNews.am-ը գրում է
Genealogy խմբի կազմում «Եվրատեսիլին» մասնակցած Վահե Թիլբիյանը, ինչպես գիտեք, ապրում է Եթովպիայում: NEWS.am STYLE –ը երաժշտի հետ զրուցել է անցած տարվա, «Եվրատեսիլին» նրա մասնակցության ու 2016 թ. ակնկալիքների մասին:
-Վահե, ինչպիսի՞ն էր ձեզ համար 2015թ.
-Անցած տարին «ամերիկյան բլուրներ» կառուսելի նման էր: Ես ընտրվեցի Genealogy –ի անդամ ու նրանց հետ ելույթ ունեցա Եվրատեսիլում: Դա ինձ համար ապշեցուցիչ ու բացառիկ փորձառություն էր: Կարող եմ ասել, որ անցած տարի իմ կյանքում շատ տատանումներ եղան: Բայց ես շնորհակալ են Աստծուն առողջության ու այն հնարավորությունների համար, որ նա բացել է ինձ համար:
-Իսկ ի՞նչ կմաղթեիք Հայաստանին Նոր տարում
-Հայաստանին, ու իմ եղբայրներին ու քույրերիին՝ հայրենակից հայերին, ես մաղթում եմ սեր, խաղաղություն ու միասնություն: Երբեմն մենք խաղաղությանը վերաբերվում ենք որպես բնական, ինքընստինքյան ենթադրվող վիճակի ու չենք մտածում, թե դա ինչ կարեւոր է, կարեւոր է ապրել ու փորձել ինքնադրսեւորվել, իսկ դա հնարավոր է միայն խաղաղ ժամանակ: Առանց սիրո, հարգանքի ու փոխըմբռնման մենք երբեք չենք կարողանա առաջ շարժվել: Եվ խոսելով միասնության մասին, ես նկատի ունեմ մեզ՝ հայերիս: Ես շատ եմ նկատում ոչ այնքան ներդաշնակ հարաբերություններ հայերի, Հայաստանի ու Սփյուռքի հայերի միջեւ: Շատ տխուր է: Եթե մենք միասնական չլինենք, ինչպե՞ս կկարողանանք դիմակայել թշնամիներին: Միասնականությունը կարեւոր է: Եթե Բոբ Մառլիի խոսքերով ասենք՝ պետք է «Մեկ սեր» լինի: Մեր տարբերությունները պետք է մի կողմ դնենք, դրանք շատ խնդիրներ են ստեղծում:
-Անձամբ դու ի՞նչ ես ակնկալում 2016 թվականից:
-2015 թ ամբողջ աշխարհի համար շատ հագեցած էր թե՛ դրական, թե՛ բացասական իրադարձություններով: Լրատվական դաշտը հիմա կենտրոնացել է այն ամենի վրա, ինչ կատարվում է աշխարհում, ու ես չգիտեմ, թե ինչ կարելի է ակնկալել 2016 թվականից: Մամուլը շեշտադրումն անում է բոլոր բացասական երեւույթների վրա: «Լուրեր» բառը դարձել է «վատ լուրերի» հոմանիշը: Թվում է, թե լավ լուրեր՝ հանրահայտ մարդկանց մասին բամբասանքից բացի, չկա ու չի էլ լինի: Դուք ինքներդ գիտեք, որ մամուլն ընտրում է, թե ինչի մասին խոսի: Մենք մոռանում ենք, որ մամուլը բիզնես է: Ես ուզում եմ բոլորին հարց տալ, ամբողջ աշխարհում նորություններն իրոք այդքան վա՞տն են, թե՞ մեր գիտակցությունն է այդ հունով ուղղված: Աշխարհը հիմա շատ ավելի վատն է, քան 20 տարի առա՞ջ էր: Թե՞ այն նույնն է, պարզապես մենք ենք փոխել մեր մտածելակերպն ու աշխարհի նկատմամբ մեր վերաբերմունքը: Ես ինքս չգիտեմ, դա մտածելու առիթ է տալիս:
Ես հիմա աշխատում եմ իմ երկրորդ ալբոմի վրա: Ես աղոթում եմ, որ 2016 թ. մեզ երջանկություն ու առողջություն բերի: