Արսենն Ամանորը տեսնում է մատներով (ֆոտո)
Общество10-ամյա Արսենն Ամանորին սպասում է ոչ սովորական անհամբերությամբ... ոչ այնպես, ինչպես մյուս երեխաները։ Ամանորը միակ տոնն է, որն Արսենը ոչ միայն լսելով է ընկալում, այլեւ «տեսնում է»։ Իրականում 10-ամյա տղան տեսնում է միայն վառ լուսավորությունը` տոնածառի, մոմերի, հրավառության։
Նոր տարվա գլխավոր ատրիբուտները Արսենն իր պատկերացումներում ձեւավորել է մթությունը ճեղքող լուսավոր կետերը մտովի իրար միացնելով, համադրելով հարազատների նկարագրությունների հետ, գումարելով մանկական երեւակայությունը։ Արսենի պատկերացման մեջ Ձմեռ պապի շորն ամբողջովին փայլերից է կարված, կարմիր գույնի է, բայց դա մեր տեսած կարմիրը չէ, դա Արսենի կարմիրն է, որը յուրաքանչյուր կույր երեխա ինքն է իր համար մտովի հորինում։
Ձյունանուշին չի համարձակվում նկարագրել. Արսենի ընկալումներում դեռ հստակ չեն ձեւավորվել կնոջ ու տղամարդու արտաքին տարբերությունները։
Շրջապատող առարկաները մատներով ընկալող Արսենը ճանաչում է իրենց տոնածառի բոլոր խաղալիքները։ Շոշափելով գիտի` մայրը ինչ սփռոց է գցել սեղանին, որ ափսեներն ու բաժակներն է դրել։
Նույն կերպ` շոշափելով, Արսենը 6 տարեկանում սովորել է դաշնամուրի վրա տարբերել սպիտակ եւ սեւ ստեղները։ Մնացածը լսողության խնդիր է, որը կյանքը Արսենին տվել է շռայլորեն` փոխհատուցելով նրանից խլած տեսողությունը։
Թերեւս հենց մեծաքանակ հանդիսատեսին չտեսնելն էր, որ Արսենին օգնեց ավելի հեշտ, քան իր հասակակիցները, հաղթահարել մեծ բեմում ելույթ ունենալու վախը. պատանի երաժիշտը 7 տարեկանում փայլուն ելույթ ունեցավ Մոսկվայում հայտնի աստղերի մասնակցությամբ կազմակերպված համերգին։ Նրա վստահ կատարմամբ «Դլե յամանը» հուզեց շատերին ու ապագայի հույս տվեց բազմաթիվ երեխաների, որոնք Արսենի նման շոշափելով են հարթում իրենց ճանապարհը։
Արսենը ոչ միայն երգում է, նվագում, այլեւ արդեն 5 ստեղծագործությունների հեղինակ է։ Իր երազած համակարգիչն ու էլեկտրական դաշնամուրը նա Ձմեռ պապից է ուզել, որովհետեւ գիտի, որ ծնողներն ի վիճակի չեն նման թանկարժեք նվեր գնել։ Դրանք հնարավորություն կտան մեկ քայլով էլ մոտենալ ճանաչված երաժիշտ դառնալու իր երազանքին։
10-ամյա տղան հասկանում է, որ աշխարհում դեռ շոշափելու եւ լսելու շատ բաներ կան, բայց այնքան, որքան հասցրել է ճանաչել աշխարհը, նրան թույլ է տալիս հավատալ, որ իր սահմանափակ հնարավորություններով էլ ցանկության դեպքում կարող է իր տեղը գտնել այնտեղ։

