Իրանք մեր երեխու վրա փորձարկումներ էին անում. մահացած հղի կնոջ հրազատները մեղադրում են բժիշկներին
ОбществоԵրեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հունվարի 2-ին հղիության 26-րդ շաբաթում մահացած 20-ամյա Գրետա Տոնոյանի հարազատները պնդում են, որ պատահածը բժիշկների անփութության հետեւանք է: Մահացած կնոջ մորաքույրը՝ Արփի Գեւորգյանը, NEWS.am-ին պատմեց, որ Գրետան Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել դեկտեմբերի 25-ին, որտեղ նրա մոտ ախտորոշել են գրիպոզ վիճակ, ապա մի քանի օր անց, երբ վիճակը սրվել է, թոքերը ռենտգեն են արել ու սուր թոքաբորբ է հայտնաբերվել:
«Ինքը շատ լավ էր, տանը ոչ մի բանից չէր բողոքում: Միանգամից ջերմություն է ունեցել, տարել ենք հիվանդանոց: Ասեցին՝ գրիպոզ վիճակ ա, մրսածություն, ցավազրկող են ներարկել, դեղի դոզան անցել ա, երեխեն էլի ջերմել ա: Մի քանի օր էդպես՝ մեզ հույս տալով պահել են: Պարտավոր էին ռենտգեն անել, ոչ թե թողնեին՝ բանը բանից անցներ, 28-ին, թե 29-ին ռենգտեն անեն, էն էլ մաման ա տարել թոքաբանի մոտ, երբ երեխու շրթունքներն արդեն կապտած էին»,- պատմեց մորաքույրը՝ նշելով, որ ծննդատանը բժիշկները վստահեցրել են, որ համաճարակ է տարածված, ու Գրետան միակ հղին չէ, որ այդ վիրուսով է վարակված:
Մորաքույրը պատմեց, որ դրանից հետո Գրետայի մոտ թթվածնային քաղց է նկատվել, նրան տեղափոխել են ծննդատան վերակենդանացման բաժանմունք, իսկ հարազատներին վստահեցրել, որ ամեն ինչ կարգին է:
«Դրանից անմիջապես հետո զանգել են մեզ, ասել են, որ վատ է Գրետան: Գրետան արդեն լրիվ կապտած է եղել, երբ որոշել են տեղափոխել Հանրապետական հիվանդանոց: Պրոֆեսորները հավաքվում են, ամսի 31-ին ասում են՝ հույս չկա, հանում են կեսարյան: Երեխայի փրկվելու մասին խոսք լինել չի կարող, իսկ Գրետան մինչեւ վերջին վայրկյանը թթվածնի տակ է եղել: Երեկ էլ մեզ հույս տվեցին, թե 20 տոկոս երեխան շնչում է, այնինչ թոքի մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող»,- պատմեց մորաքույրը:
Մորաքույրը պատմեց, որ ծննդատուն տեղափոխվելուց հետո Գրետայի ամուսինը բժիշկներին բազմիցս խնդրել է չվտանգել կնոջ կյանքը, եւ եթե անհրաժեշտություն կա, անգամ հեռացնել պտուղը, միայն կնոջ կյանքը փրկել:
«Հազար անգամ ինքը բժիշկներին խնդրել ա՝ երեխայից ազատվեք, իմ կնոջ կյանքը փրկեք: Իսկ իրանք մեր երեխու վրա փորձարկումներ էին անում: Երեւի իրենց համար նորություն էին ուզում հայտնաբերեին, բուժում ստեղծեին երեխու կյանքի հաշվին: Ուշացրին պտուղը հեռացնելը, մինչեւ երեխեն մահացավ: Իրանց անփութության հետեւանքով երեխեն դառավ դիակ»,- ասաց մորաքույրը:
Նշենք, որ Գրետա Տոնոյանը Արմավիրի մարզի Գայ գյուղից է: «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ նա սկզբում տեղափոխվել է Հանրապետական ծննդատուն, որտեղից էլ սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն ախտորոշմամբ տեղափոխվել Հանրապետական հիվանդանոց, որտեղ մահացել է: