Մեր քաղաքական մշակույթն այնպես այլասերված է, որ նորմալ փոխզիջումն ընկալվում է դավաճանություն. Նաիրա Զոհրաբյան
Общество2015-ը ամենածանր տարին էր «Բարգավաճ Հայաստանի» համար, փետրվարյան իրադարձությունները լուրջ սթրես ու ֆորս մաժոր էին կուսակցության համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն` ամփոփելով անցած տարին:
Անդրադառնալով 2015-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին, երբ իշխանությունների ճնշման տակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից եւ կուսակցության ղեկն ստանձնեց Նաիրա Զոհրաբյանը, վերջինս ասաց. «Շատ բարդ ամիսներ էին, անգամ մեր շարքային կուսակցականների մեծամասնությունն էլ չէր պատկերացնում` ինչ բարդ էր քաղաքական թիմի համար, երբ որ անկանխատեսելի էր կուսակցության հաջորդ օրը»:
Նա նաեւ շեշտեց, որ կուսակցության հիմքում դրված ամուր բետոնե հիմքի շնորհիվ կարողացան հաղթահարել ֆորս մաժորը: «Չեմ կարող փակագծերը բացել` ինչի մեջով անցանք, ոչ մի կուսակցություն դրան չէր դիմանա»,-ընդգծեց նա:
Հարցին, թե համամի՞տ է այն մեկնաբանություններին, որ իրենց հաջողվեց հաղթահարել «ֆորս մաշորը» եւ դիմանալ, իշխանության հետ «լեզու գտնելու», սահմանադրական փոփոխությունները պաշտպանելու արդյունքում, Զոհրաբյանն արձագանքեց. «Մեր քաղաքական մշակույթը այնպես աղճատված է, այլասերված, որ ցանկացած նորմալ փոխզիջում կամ երկխոսություն ընկալվում է դավաճանություն, անմիջապես վաճառվել, ես շատ եմ շփվում եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ, այնտեղ նորմալ է, որ ինչ-որ մի հարցում քաղաքական կուսակցությունը կարող է համաձայնել իշխանության հետ»:
Դիտարկմանը, որ դա այն իշխանությունն էր, որը ստիպեց ԲՀԿ առաջնորդին հեռանալ քաղաքականությունից եւ կանխեց ԲՀԿ-ի քաղաքական ակտիվ պայքարը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ թե մենք սկսեցինք այդ նույն ուժի հետ համագործակցությունը, այլ հասկացանք, որ պետք է փոխենք մեր խաղի կանոնները: Եթե փորձը ցույց է տալիս, որ անցած 20 տարիների ընթացքում ընդդիմադիր քաղաքական հզոր ուժերը, որոնք այսօր գոյություն չունեն կամ վերածվել են կրոնական աղանդների, փողոցային պայքարի միջոցով հնարավոր չէ գալ իշխանության, իմաստ չունի անընդհատ գլուխը խփել պատին ու գնալ նույն ճանապարհով: Եթե ձեզ հետ շախմատ են խաղում, դու չես կարող կացինով հարձակվել նրանց վրա: Եթե քեզ հետ շախմատ են խաղում, պիտի փորձես իրենց հաղթել իրենց իսկ առաջարկած խաղի կանոններով, բայց իշխանափոխությունը մնում է մեր օրակարգում: Մենք պարզապես մեր մարտավարությունն ենք փոխել»: