ԴԱԻՇ-ի 4-ամյա դահիճ Ջիհադի Ջունիորը Լոնդոնի նախկին բնակչուհու որդին է
LifestyleԴԱԻՇ-ի կողմից իրականացված 5 մարդկանց մահապատժին մասնակցել է Իսա Դեյրը՝ ահաբեկիչներին միացած Լոնդոնի նախկին բնակչուհի Գրեյս Դեյրի 4-ամյա որդին: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը:
Իսա Դեյրը, ում Ջիհադի Ջոնի անվան նմանությամբ անվանում են Ջիհադի Ջունիոր, հոլովակում զինվորական համազգեստով է և ինչպես ահաբեկչական խմբավորման մեծահասակ անդամները՝ գլխակապով: Այն մասին, որ տեսագրությունում հենց Իսան է, The Daily Telegraph-ին հաստատել է նրա պապը՝ Հենրի Դեյրը: Ընդ որում՝ նա վստահ է, որ երեխան անմեղ է, որ ահաբեկիչները տղային օգտագործում են քարոզչության նպատակով:
Պարբերականի տվյալներով՝ 24-ամյա Գրեյս «Հադիջա» Դեյրը մեծացել է նիգերիական ծագումով քրիստոնեական ընտանիքում և հաճախել է կաթոլիկ դպրոց: Սակայն հետագայում նա ընկել է ծայրահեղականների ազդեցության տակ և սկսել է Լոնդոնում հաճախել իսլամական կենտրոն: 2012 թվականին երկու երեխաների մայր Դեյրը մեկնել է Սիրիա, որտեղ ամուսնացել է իսլամ ընդունած շվեդ Աբու Բաքրի հետ, ով ենթադրաբար հետագայում զոհվել է: Սոցցանցերում նա հավանություն է տվել 2014 թվականին ահաբեկիչների կողմից իրականացված ամերիկացի լուսանկարիչ Ջեյմս Ֆոուլի մահապատժին և դահիճ դառնալու ցանկություն հայտնել:
Հունվարի 3-ին ԴԱԻՇ-ը տեսագրություն է տարածել, որում ցուցադրվում է հինգ բրիտանացի լրտեսների մահապատիժը: Հոլովակում ծայրահեղականները սպառնում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին՝ նրան անվանելով Սպիտակ տան թուլամիտ ստրուկ: