Բոլոր տեսակի հանրային փոխադրամիջոցների ուղեւորների թիվը 7.4 տոկոսով կրճատվել է
ОбществоՊաշտոնական տվյալներով, անցած տարվա հունվար- նոյեմբերին բոլոր տեսակի հանրային փոխադրամիջոցների ուղեւորների թիվը 7.4 տոկոսով կրճատվել է: Այսինքն ուղեւորությունների թիվը նվազել է 15.3 մլն միավորով:
Իհարկե, կարելի է ենթադրել, որ հանրապետության ներսում ուղեւորությունների թվի կրճատումը անձնական ավտոմեքենաների քանակի ավելացումով է պայմանավորված:
Հիշեցնենք, որ 2014 թ. ներմուծված մարդատար ավտոմեքենաների քանակով ռեկորդ էր սահմանվել, որին անցած տարի հաջորդեց այդ ցուցանիշի անկումը: Վերջին տասնհինգ տարում անձնական ավտոմեքենաների քանակը ավելացել է մոտավորապես երկու հարյուր հիսուն հազար միավորով: Այս տեսակետից բնակչության շարժունակությունն աճել է: Բայց համարժեք չափով կրճատվել է նաեւ թե ներքաղաքային, թե միջազգային հանրային տրանսպորտի պոտենցիալ ուղեւորների քանակը:
Զգալիորեն՝ 2.2 մլնով, կամ 18.8 տոկոսով նվազել է տաքսիներով ուղեւորությունների քանակը: Այս հարցում, անձնական ավտոմեքենաների քանակի ավելացումից բացի, բացառված չէ նաեւ մեր հասարակության որոշակի շերտի ֆինանսական հնարավորությունների նվազման գործոնը: Հիշեցնենք, որ շատ ընտանիքների գումարային եկամուտների աղբյուրներից մեկը՝ արտերկրից գումարային փոխանցումները, անցած տարի զգալիորեն կրճատվել էին:
Սակայն ամենամեծ անկումը՝ գրեթե 13.0 մլն ուղեւորություն, կամ 7.5 տոկոս, ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտին է բաժին ընկնում(հաշվի չառած տաքսին): Ըստ երեւույթին վերոնշյալ գործոնները անդրադարձել են նաեւ հանրային տրանսպորտի այս ոլորտի վրա: Ըստ այս տվյալների՝ տրանսպորտային բազմաթիվ կազմակերպությունների (մանավանդ երեւանյան) գործերը վատացել են: Չնայած չի կարելի անտեսել նաեւ այս ոլորտում «ստվերի» աճի հավանականությունը:
Ճգնաժամը չի շրջանցել նաեւ օդային տրանսպորտը: Ավիաուղեւորների քանակը նոյեմբեր- դեկտեմբերին կրճատվել է գրեթե 170 հազարով կամ 8.8 տոկոսով: Հայաստանի փաստաթղթեր ունեցող ավիաուղեւորների մասին տեղեկություններ միայն անցած տարվա առաջին կիսամյակի համար կան: Ըստ այդ տվյալների՝ երկիր մտած նման ուղեւորների թիվը կրճատվել է մոտավորապես 9 տոկոսով, իսկ դուրս եկածներինը՝ գրեթե 13 տոկոսով: