Ակտիվիստի ծեծի առեղծվածը «Որոգայթ»-ի Հովո՞ն է հանգուցալուծելու
АналитикаՈղջունելի է, որ Զառա Հովհաննիսյանի դեմ սպառնալիքներ հնչեցված անձը հայտնաբերվել է, հրապարակային ներողություն է խնդրել և այժմ սպասվում է խափանման միջոցի ընտրությունը, ինչը, հավանաբար, նաև Զառա Հովհաննիսյանի կամքից է կախված: Ինչևէ, եթե ֆեյսբուքյան կեղծ օգտատերերին հայտնաբերելը բավականին բարդ գործընթաց է, ապա վերջերս ծեծի ենթարկված Սյուզի Գևորգյանի աղմկահարույց պատմության հանգուցալուծումը, կամ գոնե հանգուցալուծման որոշակի դետալներ, թերևս, կարող էր առավել արագ և օպերատիվ կազմակերպվել:
Ֆեյսբուքյան որոշակի շրջանակներ, թերևս նաև ոստիկանության ներկայացուցիչներ, կասկածահարույց են համարում աղջկա ծեծի պատմությունը և վնասվածքների ու ուղեղի ցնցման առկայությունը: Հարգելիներս, գոյություն ունի պարզ և երբեք չխախտվող ընթացակարգ. ցանկացած անձ, ով վնասվածքներով ընդունվում է հիվանդանոցի համապատասխան բաժանմունք, անմիջապես հաշվառվում է, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության բաժին և անմիջապես հիվանդանոց են այցելում քննիչները: Սա պարտադիր է անգամ այն դեպքում, եթե անձը պատահաբար վայր է ընկել, ինքնավնասվել է, կինը քնած ժամանակ խռմփացնելիս բարձով խփել է կամ նման մի բան. հիվանդանոցը անմիջապես հաղորդում է ներկայացնում ոստիկանություն: Եթե հիվանդանոց ընդունված անձը պնդում է, որ իրեն ծեծի են ենթարկել՝ նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում է վնասվածքների չափը և վտանգավորությունը, որպեսզի ենթադրյալ կասկածյալի պատժաչափը հստակ որոշվի: Ծեծի ենթարկված աղջիկը պնդում է, որ բռնության է ենթարկվել սուպերմարկետի դիմաց, ինչը ենթադրում է, որ այդ սուպերմարկետի տեսախցիկները արժեքավոր տեղեկություններ են պարունակում: Մյուս անհրաժեշտ գործողությունների մասին թերևս լռեմ:
Հիմա հարց. ինչպե՞ս հասկանալ, որ աղջիկը ընդունվել է հիվանդանոց, սակայն որևէ տեղեկատվություն նրա հարցաքննության, դատաբժշկական փորձաքննության և առաջին անհրաժեշտ գործողությունների մասին չկան: Ի վերջո, ինչու՞ այս պահին հանրությունը այս դեպքի մասին բացառապես այդ աղջկա հարցազրույցից է տեղյակ՝ ընդ որում հարցազրույցին զուգահեռ շշուկով հարցեր ու պատասխաններ հուշելու ակնհայտ և վատ մոնտաժված տեսանյութի հիման վրա:
Սրանք պրիմիտիվ բաներ են, որ վայրկյանների ընթացքում շատ հարցերի պատասխաններ կտան:
Իսկ հարցեր, անշուշտ, շատ կան, որոնց մասին կլռեմ մինչև հստակ տեղեկությունների հրապարակումը:
Ի դեպ, կարծես թե այդ աղջիկը ևս լռում է դատաբժշկական փորձաքննության և ոստիկանների կողմից հարցաքննվելու մասին: Լավ կլիներ, որ ինքը ևս պարզաբաներ՝ օրենքով պահանջված գործողությունները կատարվե՞լ են, թե ոչ...
Հակառակ պարագայում երևի պետք է դիմենք «Որոգայթ»-ի Հովոյին, որ էս հարցը լուծի ու արդարություն հաստատի...
Վարուժան Բաբաջանյան