«Սդղի գյոլ»-ում մահացած հայտնաբերված տղամարդը բնակվել է այդ տարածքում գտնվող անասնագոմին հարակից տանը
ОбществоՀունվարի 5-ին՝ «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մահացած հայտնաբերված 47-ամյա Կ.Հովսեփյանը Սյունիքի մարզի Ակներ գյուղի վարչական տարածքի «Սդղի գյոլ» կոչվող վայրում գտնվող, Ս.Գևորգյանին պատկանող անասնագոմում պահել է վերջինի և իր անասունները: Այս մասին պարզ է դարձել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ:
Վերջինը ժամանակավորապես բնակվել է նշված տարածքում գտնվող անասնագոմին հարակից տանը կնոջ` Թերեզա Պողոսյանի հետ: 2015 թվականի դեկտեմբերի 28-ին այնտեղ է գնացել նաև որդին՝ ծնողների հետ Ամանորը դիմավորելու համար։ Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունվարի 3-ին` ժամը 15- 16-ի սահմաններում, Ս.Գևորգյանն իր որդու հետ, ավտոմեքենայով, սնունդ է տարել Կ.Հովսեփյանի ու նրա ընտանիքի համար: Ըստ Ս.Գևորգյանի հաղորդման՝ առատ ձյան և քամու պատճառով ավտոմեքենայով չեն կարողացել հասնել մինչև տուն, և տանից ոչ հեռու Ս.Գևորգյանի որդին սնունդը հանձնել է իրենց ընդառաջ դուրս եկած Կ.Հովսեփյանին: Որոշ ժամանակ անց՝ Ս.Գևորգյանը զանգահարել է Կ.Հովսեփյանի բջջային հեռախոսահամարին՝ պարզելու համար՝ հասե՞լ է տուն, թե՝ ոչ, սակայն նա չի պատասխանել, որից հետո զանգահարել է նրա կնոջը և տեղեկացել, որ նա տուն չի հասել։ Անասնագոմի ու տան հարակից տարածքներում սկսել են փնտրել Կ.Հովսեփյանին, սակայն չեն գտել, քանի որ քամու հետևանքով տարածքը լցված է եղել մոտ 1 մետր ձյան շերտով: Նա հայտնաբերվել է 2016թ. հունվարի 5-ին` մահացած, դեմքով մասամբ ձյան մեջ թաղված: Դիակի արտաքին զննությամբ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։