Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի պաշտոնեությանը
ОбществоՀունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում ընդունել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գտնվող բաժինների պաշտոնեությանը` ուղեկցությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Հանդիպումն սկսվել է Մուշեղ Սրբազանի բացման խոսքով: Շնորհավորելով Նորին Սրբությանը և Մայր Աթոռի աշխարհիկ աշխատակիցներին բերկրալի տոների առիթով` Սրբազան Հայրը մասնավորապես ընդգծել է, որ Մայր Աթոռի յուրաքանչյուր պաշտոնյա իր ծառայությունը Մայր Եկեղեցու հոգևոր կենտրոնում իրականացնում է սիրով ու նվիրումով:
Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք է ուղղել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:
Հանդիպման վերջում Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով ներկաներին շնորհավորել և իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Ամենայն Հայոց Հայրապետը:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնել է Մայր Աթոռի աշխատակիցներին` Սուրբ Էջմիածինն իրենց տունը և ազգի սեփականությունը նկատելու բարձր գիտակցության, ինչպես նաև նախանձախնդիր ծառայության համար:
Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ շնորհիվ այդ նվիրյալ ծառայության անցյալ տարում արձանագրվեցին բազում հաջողություններ, արժանապատվությամբ և գիտակցության բարձրագույն զգացումով իրականացվեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր արարողությունները:
«…Հավատում ենք, որ յուրաքանչյուր բարի գործ արժանանում է մեր նախնիների, մեր հայրերի օրհնությանը, իսկ այդ օրհնությունը մեր կյանքի և՛ բերկրանքն է, և՛ ուրախությունն է, և՛ ցնծությունն է, և՛ հաջողությունը: Ուրեմն, արժանի լինենք մեր հայրերի օրհնությանը մեր կյանքով և մեր աշխատանքով…:
Այս հավատն ու վստահությունն ունենք և կարծում ենք, որ եթե յուրաքանչյուրս նոր տարում այս հավատով, այս վստահությամբ ընթանանք, ավելիով կփոխենք մեր կյանքը դեպի լավը, դեպի բարին և ցանկալին», - նշել է Գարեգին Բ Հայրապետը` մաղթելով, որ Աստված քաջառողջություն, ուրախության ապրում և արդյունավոր աշխատանք պարգևի ամենքին: