Աշխարհը կարող է կառավարվել հայկական կենտրոնից
ОбществоԱշխարհը կարող է կառավարվել հայկական կենտրոնից, այս համոզմանն է իրավագետ, փաստաբան Տիգրան Սարգսյանը:
Ըստ փաստաբանի` աշխարհում հայկական ազդեցության բարձրացման լավագույն հնարավորությունը Համահայկական բառլամենտի հիմնադրումն է: Մեր այն հարցին, թե որն է լինելու Համահայկական պառլամենտի հիմնական առաքելությունը, Սարգսյանը նշեց, որ հայ ժողովրդն ունի ազգային ծրագրեր, որոնք դուրս են ազգային պետության հնարավորությունից եւ իրավասությունից, ուստի Համահայկական պառլամենտի հիմնական խնդիրը լինելու է համազգային ծրագրերի մշակումն ու իրագործումը:
Համահայկական պառլամենտի ձեւավորման կարգի մասին խոսելով` Սարգսյանը նշեց, որ Պառլամենտը կազմավորվելու է սփյուռքի բոլոր հայկական համայնքների եւ հայկական եկեղեցիների ներկայացուցիչներից: Համահայկական պառլամենտի իրավազորությունը կտարածվի ամբողջ աշխարհով, քանի որ հայկական սփյուռքի սահմաններն էլ համընկնում են աշխարհի սահմանների հետ:
Իրավաբանը համոզված է, որ համահայկական կառավարման կառույցների հիմնադրմամբ հայ ժողովուրդը աննախադեպ դերակատարում կստանձնի ամբողջ աշխարհում: Պետությունները դեսպանություններ, տարբեր այլ ներկայացուցչություններ են հիմնադրում իրենց սահմաններից դուրս ազդեցություն ու դերակատարում ունենալու համար: Գերտերությունները ստեղծում եւ հովանավորում են տարբեր շարժումներ, նաեւ կրոնական, իրենց ազդեցությունը այլ պետություններում հաստատելու համար:
Նման պայմաններում հայ ժաղովրդի միավորմանն ուղղված գործողություններ չանելը ապաշնորհություն է, որը այլեւս հանդուրժելի չի կարող լինել:
Տ.Սարգսյանը նաեւ նշեց, որ ակտիվ աշխատելու է համահայկական կառավարման կառույցների հիմնադրման գաղափարները տարածելու, համակիրների ու գործընկերների համախմբման ուղղությամբ: Այժմ իրավաբանական մասնագիտական խումբը զբաղված է համահայկական Սահմանադրության մշակման աշխատանքներով: