Ամանորի օրերին հանրապետությունում 676 արտակարգ դեպք է գրանցվել. ՏԿԱԻՆ պաշտոնյա
ОбществоԱմանորյա օրերին հանրապետությունում 676 արտակարգ դեպք է գրանցվել: Այս մասին այսօր` հունվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը` նշելով, որ հանրապետությունում այս տարի 2015թ.-ի համեմատ 250-ով ավելի արտակարգ դեպք է գրանցվել: Ըստ նրա` արտակարգ դեպքերի աճը պայմանավորված է եղել եղանակային պայմաններով` ձյան, բքի, քամու:
Պաշտոնյան նշեց, որ հանրապետությունում գրանցվել է 25 ավրովթար` մեկ զոհով: Հիմնականում բքի եւ ձյան պատճառով գրանցվել է մեքենաների արգելափակման 234 դեպք, որի ընթացքում 3500 մարդ է դուրս բերվել: Հովհաննես Խանգելդյանի խոսքով, ինտենսիվ տեղումների, բքի ու ուժեղ քամու պատճառով արտակարգ դեպքերի ահազանգերը հիմնականում եղել են Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերից` շուրջ 10.000 ահազանգ:
Փրկարարները ամենորյա օրերին փակ եւ դժվարանցանելի ճանապարհների պատճառով հիվանդանոցներ են հասցրել ութ ծննդկանի: Պաշտոնյան նշեց, որ եղել է նաեւ 361կենցաղային կանչ` հիմնականում պայմանավորված ջրագծերի վնասման հետ, որոնց լուծում է տրվել:
Երեւանում 336 արտակարգ դեպք է գրանցվել, որոնք հիմնականում եղել են կենցաղային կանչեր:
Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ ամանորյա օրերին հանրապետությունում գրանցված հրդեհների թիվը անցած տարվա համեմատ չի աճել: