Ուժի մեջ մտավ որոշ դեպքերում վարորդներին տուգանելու փոխարեն նախազգուշացնելու վերաբերյալ օրենքի փոփոխությունը
Общество«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը եւ օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը այսօրվանից՝ հունվարի 11-ից ուժի մեջ են մտել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը մանրամասնել է, թե ինչ փոփոխություններ են արվում նոր օրենքով.
«1. Նոր իրավակարգավորումը հնարավորություն է ստեղծում ամենաշատ տարածումն ունեցող մի շարք իրավախախտումների համար, /ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը, խաչմերուկների անցման կանոնները խախտելը, երթեւեկությունն սկսելու կամ մանեւր կատարելու, վարորդների կողմից կանգառ կատարելու կամ կայանելու կանոնները խախտելը եւ այլն,/ կիրառել ոչ թե տուգանք այլ՝ նախազգուշացում:
2. Այսուհետ՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի եւ (կամ) կայանման կանոնների խախտում չի համարվում, երբ կանգառը կատարվել է միայն ուղեւորների նստելու կամ իջնելու նպատակով եւ այն չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը:
3. Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցը վարելու դեպքում, ինչպես նաեւ մգեցված ապակիներով երթեւեկելու համար սահմանվել է խրախուսական նորմ, որով անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ կամ տեղում կամ 24 ժամվա ընթացքում վերացնում է խախտման հատկանիշները:
4. Խստացվել են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված տուգանքները:
5. այսպես կոչված «համաներումը»՝
ա) 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016 թվականի հունվարի 11-ից հետո ՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասից եւ կատարողական ծախսերից, այսինքն՝ վճարվում է միայն տուգանքի մայր գումարը:
բ) 2015 թվականի հունվարի 9-ից մինչեւ 2016 թվականի հունվարի 11-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016թվականի հունվարի 11-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից: Նկատի ունենալով, որ նշված ժամանակահատվածում կայացված ակտերի զգալի մասը ուղարկված չեն հարկադիր կատարման՝ կատարողական գործողությունների կատարման համար սահմանված ծախսերի վճարելու պարտականություն չի առաջանում, սակայն եթե ակտը ուղարկված է հարկադիր կատարման, այս պարագայում կվճարվի տուգանքի մայր գումարը եւ կատարողական ծախսերը՝ առանց ավելացված մասին»,- գրել է նա: