Վարդենյաց լեռնացքում շարունակվում են Մարտունի-Գետափ ճանապարհի մաքրման աշխատանքները ձյան բաձր շերտից
ОбществоԱրդեն չորրորդ օրն է, ինչ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ ճանապարհաշինարարները շուրջօրյա եւ դժվարին պայմաններում շարունակում են Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մաքրման աշխատանքները Վարդենյաց լեռնացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանը, հունվարյան տոների ընթացքում տեղացած առատ ձյունը եւ սաստկացող բքերը Գեղհովիտ գյուղից մինչեւ Վարդենյաց լեռնանցք Մարտունի-Գետափ ճանապարհը լցրել է ավելի քան երկու մետր բարձրության ձյան շերտով, որի մաքրման համար կազմակերպությունը դուրս է բերել 3 միավոր տեխնիկա:»Աշխատանքները սկսել ենք բքերը դադարելուն պես: Մոտ 20 կիլոմետր երկարությամբ եւ 2 մետր բարձրությամբ ու վեց մետր լայնությամբ ձյան շերտը մաքրելու համար աշխատում ենք շուրջօրյա:Հունվարի 11-ի ժամը 18-ի դրությամբ մեզ մնում է հաղթահարել եւս 600 մետր երկարություն, որպեսզի կարողանանք ապահովել ճանապարհի անցանելիությունը Վարդենյաց լեռնանցքում, որը երկկողմանի փակվել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ից: Ճանապարհային երթեւեկությունն արդեն վերականգնված է Գեղհովիտ-Լեռնահովիտ, Վերին Գետաշեն-Մադինա հատվածներում»,-հավաստեց Աղասի Ղուկասյանը:Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ խաչատրյանի հավաստմամբ` հունվարի 11-ի դրությամբ մարզի մյուս ճանապարհները հիմնականում անցանելի են, փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան: Նույն աղբյուրի տեղեկացմամբ` այս պահին «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ ճանապարհաշինարարները ձյան անասելի բարձր շերտից մաքրում եե Գեղարքունիք գյուղի գերեզմանոցի ճանապարհը եւ այն տեղանքը, որտեղ վաղն ամփոփվելու է հակառակորդի դիպուկահարի գնդակին զոհ գնացած հայկական բանակի զինծառայող Արամայիս Ոսկանյանի աճյունը:
Խոսրով Խլղաթյան