Գեղարքունիքում 2015 թվականին նորածինների մահացության ոչ մի դեպք չի գրանցվել
ОбществоԳեղարքունիքի մարզում 2015 թվականին գրանցվել է 2560 ծնունդ, որը 30-ով ավելի է 2014 թվականի ծնունդներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, անցած տարվա դեկտեմբերին մարզում ծնվել է 253 երեխա: Ծնունդներից 133-ը գրանցվել է Մարտունու, 62-ը` Գավառի, 32-ը` Վարդենիսի, 19-ը` Սեւանի եւ 7-ը` Ճամբարակի տարածաշրջաններում: Նույն աղբյուրի հավաստմամբ` 2015 թվականին մարզի ծննդատներում չի գրանցվել մանկական մահացության եւ ոչ մի դեպք:
«Այս ձեռքբերումն առաջին հերթին կապված է առաջնային բուժօգնության օղակի արդյունավետ աշխատանքի, հիվանդանոցային ծառայությունների խիստ հսկողության, մանկաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման, հոգատար եւ ուշադիր աշխատանքի հետ: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ մարզի գլխավոր մանկաբույժը վերապատրաստում է անցել արտերկրում: Ամեն հնարավորն արվելու է, որպեսզի այս եւ հաջորդ տարիներին կարողանանք պահպանել այս ձեռքբերումը»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ա նուշ Պողոսյանը:
Խոսրով Խլղաթյան