Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձինք մեքենա վարելու դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության
ОбществоՔրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ քրեական պատասխանատվություն է սահմանվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձանց կողմից մեքենա վարելու դեպքերի համար: Այս մասին հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական վարչության պետ Արմեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2016թ. մարտի 1-ից:
«Եթե անձը հայտնաբերվի զրկված վիճակում մեքենա վարելու պահին, հենց առաջին պահից կառաջան քրեական պատասխանատվություն»,- ընդգծեց Չիլինգարյանը:
Նա հավելեց, որ նման դեպքերում վարորդները ոչ թե կազատազրկվեն, այլ դա կլինի քրեական պատասխանատվություն, որն իրենից ենթադրում է տուգանք 200-300 հազար դրամի սահմաններում, սակայն քրեաիրավական ընթացակարգերով:
«Նախատեսվում է նաև, որ եթե նույն անձը, ով զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կվարի մեքենան նաև ոչ սթափ վիճակում, ապա այս դեպքում պատասխանատվությունը կլինի ավելի խիստ: Մասնավորապես կլինի տուգանք 300-500 հազար դրամի սահմաններում տուգանք և ազատազրկում 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով»,- մանրամասնեց Չիլինգարյանը:
Նա նաև հայտնեց, որ մի շարք օրենքներում կատարված փոփոխություններով սահմանվել են տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված իրավախախտումների որոշակի ընթացակարգեր Հայաստանում չգրանցված մեքենաների համար: «Այսինքն, այն անձը, ով Հայաստան է ներմուծել այլ երկրում գրանցած տրանսպորտային միջոց, նա էլ կստանձնի այդ տրանսպորտային միջոցի խախտման պատասխանատվությունը: Ծանուցումները նկարահանող համակարգերի միջոցով հասանելի կլինեն սահմանային մաքսային կետերում: Սահմանապահները կտեղեկացնեն, որ կան ծանուցման ենթակա վարչական ակտեր, որից հետո ոստիկանության կողմից կիրականացվի համապատասխան ծանուցում և երկամսյա ժամկետում, եթե տուգանքը վճարվի, ապա որևէ խնդիր չի առաջանա, իսկ եթե չեն վճարի, մեկ տարի ժամկետով Հայաստան մուտքի վիզա չեն ստանա»,- բացատրեց Չիլինգարյանը՝ հստակեցնելով, որ խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ պատասխանատու անձը համարվում է ոչ ՀՀ քաղաքացի: