Ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական չի ստացվել. Արսեն Բաբայան
ОбществоՀՀ Ազգային ժողովում 2016թ-ի հունվարի 12-ի, ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական չի ստացվել: Ի պատասխան բազմաթիվ հարցումների, ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Միաժամանակ ներկայացնում եմ ՄԻՊ հրաժարականի ընթացակարգը: ՄԻ պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը (այսինքն երկու անգամ պետք է ներկայացնի հրաժարականը):
Հրաժարականը կրկնելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:
Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:
Վերջում կրկին հիշեցնում եմ, որ 2016թ-ի հունվարի 12-ի, ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական ՀՀ Ազգային ժողովում չի ստացվել»,- գրել է նա:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հունվարի 12-ին հրաժարական է ներկայացրել: «Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»,- նշված է ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջում: