Արձանագրվել է քաղցկեղով հիվանդ երեխայի մահվան դեպք, որի մոտ հայտնաբերվել է նաև խոզի գրիպ
ОбществоԱյսօր առաջին օրն է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված` իրավիճակը ոչ միայն կայունանում է, այլև արձանագրվում է դեպքերի նվազում: Մինչև այժմ ամեն օր նկատվում էր հիվանդացության աճ:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
«Հունվարի 11-ին առողջապահության նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչև ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` 396: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների թիվը 92-ից օրվա ավարտին դարձել է 81: Սուր շնչառական վարակներով հղի կանանց թիվը նախկին 101-ից դարձել է 85, ապա նվազել է 78-ի: Սուր շնչառական վարակներով երեխաների թիվը 720-ից դարձել է 684:
Միաժամանակ, այս պահի դրությամբ 14 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք: Նրանցից 8-ի մոտ է հաստատվել է գրիպի H1N1 ենթատեսակը:
Սուր շնչառական վարակներով հիվանդների ընդհանուր թիվը եթե հունվարի 11-ին, ժամը 20:00-ին 855 էր, ապա այս պահին 799 է:
Հունվարի 12-ին արձանագրվել է մեկ կնոջ և քաղցկեղով հիվանդ, վիրահատված երեխայի մահվան դեպք, որի մոտ միաժամանակ հաստատվել է H1N1 ենթատեսակը:
Ամփոփելով վերջին տվյալները` կարելի է արձանագրել, որ կանխարգելիչ և բուժական աշխատանքների, ինչպես նաև իրազեկման արդյունքում, ընդհանուր առմամբ, հանրապետությունում նկատվում է հիվանդացությամբ պայմանավորված իրավիճակի կայունացում և դեպքերի նվազման միտում»,–ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ սրանք արդեն 7-րդ և 8-րդ մահացության դեպքերն են՝ H1N1 վիրուսի ախտանիշով:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել էր, որ 2015թ-ի վերջին սուր շնչառական հիվանդություններից մահացել է 6 մարդ, նույնքան մարդ այս տարվա առաջին տասն օրերին։ Բոլոր վեց մահացածների մոտ ախտորոշվել է H1N1 տեսակի վիրուսը։