Առեղծվածային Գեղարդն ու NEWS.am-ի լրագրողները` երեք տարբեր խորհուրդ ունեցող տարազներով (ֆոտո)
LifestyleՀերթական անգամ մեր ազգային տարազները պատմական վայրերում ցուցադրելու նպատակով` այցելեցինք Գեղարդ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս համարվող այս պատմական վայրում մեր լրագրողները` Տաթեւ Ղազարյանը, Մելինե Տոնոյանն ու Սյունե Առաքելյանը ցուցադրեցին երեք տեսակի տարազ:
Հատկանշական է, որ Գեղարդն այդ օրը լի էր զբոսաշրջիկներով, որոնք այնքան էին հիացած մեր տարազների յուրահատկությամբ, որ անընդհատ ցանկանում էին լուսանկարվել մեր լրագրողների հետ:
Տաթեւը ներկայացնում է հայ թագուհու հագուստ, որի վրա օգտագործված է շարժական դետալ համարվող դոշլուքը: Դրա վրա ասեղնագործած է կենաց ծառի մոտիվը՝ նռնածառը: Այն լայնորեն կիրառվել է նաեւ հայկական մանրանկարչության մեջ:
Սյունեն հայկական հարսանեկան զգեստով է: Իհարկե, սա զգեստի ոճավորված տարբերակն է, որի վրա կիրառված է հիմնական դետալը՝ գոտի-գոգնոցը: Գոտու երկու լեզվակներին՝ ստորին հատվածում, պտղաբերություն խորհրդանշող նշաձեւ զարդանախշն է ասեղնագործած: Զգեստն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է:
Մելինեի հագին Արցախի ոճավորված տարազ է` կարմրի ու կանաչի զուգորդմամբ: Վերնազգեստի վրա ձեռքով, տեքստիլի նկարչության հատուկ տեխնիկայով պատկերված են Ուրֆայի/Եդեսիայի ասեղնագործության հիմնական մոտիվները՝ դեղնավուն ծաղիկները:
Ներկայացված զգեստները «Տերյան» մշակութային կենտրոնի հմուտ դիզայներների աշխատանքի արդյունքն են: Շնորհակալություն ենք հայտնում կենտրոնին` ֆոտոնկարահանմանն աջակցելու համար:

















