«Տամիֆլյուի» գինը Ռուսաստանում տատանվում է 1200-1350 ռուբլու սահմաններում
ОбществоՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կրկին հորդորելով գրիպի նախանշանների դեպքում ժամանակին դիմել բուժհաստատություններին:
«Այսօր արձանագրվել է մահվան 2 դեպք։ 60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց, ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել»,- գրել է Ա. Հայթայանը:
Իսկ թե ինչու են մարդիկ ծանր վիճակում և այն էլ ստիպված դիմում բուժհաստատություններ, պարզից էլ պարզ է: Մարդիկ փող չունեն հիվանդանոցային ծախսերը հոգալու համար, իսկ N1H1-ի միակ թշնամի «Տամիֆլյու» դեղամիջոցի գինը դեղատներում աստղաբաշխական չափերի է հասնում:
Ի դեպ, նույն դեղի արժեքը «հարևան» Ռուսաստանում տատանվում է 1200-1350 ռուբլու սահմաններում, իսկ մեզ մոտ այն ճարելը ոչ միայն դժվար է, այլև շատ թանկ՝ 20 հազար դրամ արժե: Ու հետաքրքիր է, թե այս մասին ինչու ոչինչ չեն հայտարարում դեղերի գնային քաղաքականությամբ զբաղվող և այն վերահսկող պետական կառույցների կողմից: Բոլորը միաբերան լռում են ու երևի ինչ-որ տեղ ուրախանում, որ N1H1 վիրուսը ճիշտ և ճիշտ ժամանակին Հայաստան հասավ և դեղ ներկրողներին «օգնեց», որ ոչ միայն իրենց ամանորյա ծախսերը փակեն, այլ դեռ մի բան էլ օգուտով դուրս գան:
Ու արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ մարդիկ կոտորվում են այդ վիրուսի պատճառով, բայց դեռ որևէ մի պետական կառույց բարձրաձայն չի հայտարարել, որ «Տամիֆլյուն» հիվանդները կարող են անվճար ստանալ: Իսկ ո՞ւր մնացին նոր Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական ուղղվածության ավելացման մասին լոլոները, թե՞ դրա մասին խոսելը դեռ վաղ է:
Ամեն դեպքում հիշեք, որ մարդիկ գրպից մահանում են, որովհետև ո՛չ հիվանդանոց դիմելու փող ունեն և ոչ էլ «Տամիֆլյուներ» գնելու, իսկ մարդկանց ուղղված հորդորներն ավելի լավ կլինի, որ այլ բովանդակություն և ուղղվածություն ունենա, քանի որ ոչ մեկն էլ չի ուզում գրիպից մահանալ:
Արմինե Գրիգորյան